ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի վերջին կայցելի Նյու Յորք եւ կմասնակցի ՄԱԿ ԳԱ նստաշրջանի բացմանը։
Այս մասին սեպտեմբերի 12-ին կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը։
Բալայանի խոսքով, Նիկոլ Փաշինյանը ելույթ կունենա նստաշրջանի բացմանը: Նախատեսված են մի շարք երկկողմ հանդիպումներ, որոնց մասին ավելի ուշ կհաղորդվի, հավելեց նա։
Ավելի վաղ նշվում էր, որ այցի շրջանակներում քննարկվում է Փաշինյան- Թրամփ հանդիպման հնարավորությունը: Այդ մասին հայտարարել էին ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը եւ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը։
Այդ ընթացքում Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը, հայամետ կոնգրեսականները ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին հորդորում են սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում հանդիպել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ հայտնելով, որ Հայաստանը ձգտում է ավելի թափանցիկ կառավարության, ավելի ամուր ժողովրդավարական ինստիտուտների և քաղաքացիական հասարակության լայն լիազորությունների, ուստի չափազանց կարևոր է, որ Միացյալ Նահանգները իշխանության բոլոր մակարդակներով խորացնի կապերը Հայաստանի հետ։
ԱՄՆ-Հայաստան հարաբերությունների փորձագետ Սուրեն Սարգսյանը հիշեցնում է, որ վերջին անգամ Հայաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների հանդիպում տեղի է ունեցել 2010 թվականին՝ Բարաք Օբամայի և Սերժ Սարգսյանի միջև, որի օրակարգի գլխավոր հարցը հայ-թուրքական հարաբերություններն էին: Եվս մեկ կարճ զրույց Սերժ Սարգսյանը Օբամայի հետ ունեցել է 2015-ին՝ Նյու-Յորքում։
«Կարելի է ասել՝ վերջին 10 տարիների ընթացքում բարձր մակարդակի հանդիպումներ չեն եղել, և եթե հնարավորություն ստեղծվի, իհարկե պետք է կազմակերպել Հայաստանի նոր առաջնորդի՝ այսինքն վարչապետի, և Միացյալ Նահանգների նախագահի հանդիպումը», - մատնանշում է փորձագետը:
Այնուամենայնիվ, Սուրեն Սարգսյանի կարծիքով կոնգրեսականների՝ Սպիտակ տանն ուղղված նամակը, որով հորդորել են Թրամփին հանդիպել Փաշինյանին, մեծ ազդեցություն չի ունենա Թրամփի որոշման վրա:
«Կոնգրեսականները, ովքեր այս նամակը ստորագրել են, հիմնականում դեմոկրատներ են, ովքեր այս նամակը ստորագրել են, և հայտնի դեմոկրատներ և քաղաքական օպոնենտներն են նախագահ Թրամփի», - պարզաբանում է Սարգսյանը: