23.11.2024
Սահմանադրական բարեփոխումներ. Սերժ Սարգսյանը հրաժարվո՞ւմ է նաև խորհրդարանի խոսնակի պաշտոնից
prev Նախորդ նորություն

Վարչապետ. ԵԱՏՄ գործընկերները կքննարկեն առևտուրը ռուբլով իրականացնելու Հայաստանի առաջարկը

Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) գործընկերները մինչև տարվա վերջ կքննարկեն մի շարք ռազմավարական ապրանքների վաճառքը ռուբլով իրականացնելու Հայաստանի առաջարկը: Այդ մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Համապատասխան առաջարկությամբ Հայաստանի վարչապետը հանդես է եկել նախորդ շաբաթ Գրոդնոյում՝ ԵԱՏՄ-ի վարչապետների հանդիպման ժամանակ: Նրա խոսքով, ԵԱՏՄ-ը պետք է ջանքեր գործադրի միմյանց հետ առևտրի ժամանակ ազգային արժույթին անցնելու և դոլարիցազիայի մակարդակի նվազման համար: Վարչապետը կարևորել է նաև մակրոտնտեսական քաղաքականություն իրականացնելիս փորձի փոխանակումը:

«Այդ կոնտեքստում կարևոր է ռազմավարական ապրանքների (նավթ, գազ) փոխադարձ առևտրի ռուբլով իրականացումը՝ առանց դոլարին փոխկապակցելու»,-նշել է վարչապետը:

Աբրահամյանը կարծում է, որ այդ գործընթացը ենթադրում է երկար և քրտաջան աշխատանք: Պատասխանելով այն հարցին՝ արդյոք ձեռնտու է մյուս ԵԱՏՄ-ի երկրներին անցումը ռուբլուն, Աբրահամյանը ասել է, որ խոսքը գնում է ՀՀ ռազմավարական դաշնակիցների մասին և չէր խանգարի այդ գործընկերին որոշ չափով զոհաբերել իրենց շահերը՝ հանուն ՀՀ-ի շահերի:

«Առաջարկությունն առաջին հերթին վերաբերվում է էներգակիրներին: Մենք փորձելու ենք հասնել նրան, որ Հայաստանի գազի մատակարարումների համար վճարի ռուբլով, քանի որ դոլար-դրամ տատանումները շատ բացասական ազդեցություն են ունենում մեր բնակչության վճարունակության վրա»,-նշել է նա:

Անդրադառնալով ՀՀ-ի տնտեսական իրավիճակին՝ վարչապետը հաստատել է մինչ այդ հրապարակված տվյալները, որ այս տարվա առաջին կեսին հանրապետությունում գրանցվել է 4.4%-ոց աճ: «Այլ բան է, որ բնակչությունը իր վրա չի զգում աճի ազդեցությունը: Դրա համար անհրաժեշտ է երկնիշ տնտեսական աճ», - նշել է Աբրահամյանը:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կանխատեսումներով Հայաստանը տարին կփակի 0.9%-ով ՀՆԱ-ի աճով: