Բաշար Ասադ. "Իսլամական պետությունը" ստեղծվել է ԱՄՆ-ի հովանավորությամբ
Եթե հեղափոխությունները լինեին միայն իշխանությունների ներքին սխալների հետևանք, ապա ճգնաժամ տեղի կունենար նաև Սաուդյան Արաբիայում, որը պատկերացում չունի ժողովրդավարության մասին: Այդ մասին հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը:
Նա նշել է, որ 2006թ.-ին ԱՄՆ-ի հովանավորությամբ ձևավորվել է "Իսլամական պետությունը" և Վաշինգտոնը չի պայքարել այդ խմբավորման դեմ: Այդ բոլոր գործոնները միասին պայմաններ են ստեղծել ապստամբությունների համար Արևմուտքի աջակցությամբ, Պարսից ծոցի երկրների ֆինանսավորմամբ՝ հատկապես Քաթարի և Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի լոգիստիկ աջակցությամբ, հատկապես հաշվի առնելով այն փաստը, որ Էրդողանը գաղափարապես հարում է Մուսուլման եղբայրներին:
Ըստ Ասադի, Էրդողանը հավատում է, որ Սիրիայում, Եգիպտոսում և Իրաքում իրավիճակի փոփոխությունը կարող է հանգեցնել նոր սուլթանատի ստեղծմանը՝ ոչ օսմանական, այլ Մուսուլման եղբայրներին պատկանող, որը տարածվելու է Էրդողանի իշխանության ներքո Ատլանտյան օվկիանոսից մինչև Միջերկրական ծով:
Ասադը նշել է, որ Արևմուտքի երկրները չեն ցանկանում ոչնչացնել ահաբեկիչներին՝ աջակցելով նրանց ծայրահեղական նախագծին, փոխանցում է Vz.ru կայքը:
«Ինչ վերաբերում է Արևմուտքի համագործակցությանը "Ջեբհատ Ան-Նուսրայի" հետ, ապա դա հավաստի փաստ է: Մենք բոլորս գիտենք, որ "Ջեբհատ Ան-Նուսրային" և "Իսլամական պետությանը", զենքերով, գումարներով և կամավորականներով մատակարարել է Թուրքիան, որը սերտ կապեր ունի Արևմուտքի հետ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը և վարչապետ Ահմեդ Դավութօղլուն քայլ անգամ չեն անի առանց ԱՄՆ-ի և այլ արևմտյան երկրների հետ փոխհամաձայնությամբ»,-նշել է նա:
Անդրադառնալով կոալիցիայի գործողություններին Սիրիայում` Բաշար Ասադը հայտարարել է, որ կոալիցիան պետք է գործի տարբեր ուղղություններով, սակայն առաջին հերթին պետք է պայքարի ահաբեկիչների դեմ: Տրամաբանակ է, որ այդպիսի կոալիցիան պետք է ստեղծվի այն երկրների հետ, որոնք պայքարում են ահաբեկչության դեմ: Ըստ նրա, այսօրվա իրավիճակում բացառվում է, որ միևնույն մարդը և' աջակցի ահաբեկիչներին, և' պայքարի նրանց դեմ: Սիրիայի նախագահը նշել է, որ հենց դրանով են այսօր զբաղված Թուրքիան, Հորդանանը և Սաուդյան Արաբիան:
Նրա խոսքով, այդ երկրները ձևացնում են, թե հակաահաբեկչական կոալիցիայի մաս են, որոնք գործում են Սիրիայի հյուսիսում, չնայած նրանց աջակցում են ահաբեկիչներին հարավում, հյուսիսում և հյուսիս-արևմուտքում, այսինքն` այն տարածքներում, որտեղ նրանք վիրտուլա կերպով պայքարում են ահաբեկչության դեմ: