25.11.2024
Բաշար Ասադ.
prev Նախորդ նորություն

Ռուսական «Արմատան» կարող է հեղափոխություն անել տանկաշինության ոլորտում. արձագանք Հայաստանից

«Այս մեքենայի հաջողության հետ չափազանց շատ բան է կախված: Դա միայն չի վերաբերվում ռուսական զինագործությանը, որն այսօր ապրում է ոչ լավագույն օրերը: Եթե այս մեքենան բարեհաջող կյանքի կոչվի, թեկուզ հաստատ մեծ փոփոխություններով, ապա նա կհաղթի մի մեծ մենամարտ տանկերի կողմնակիցների համար ողջ աշխարհում», - այդ մասին գրում է ՀՀ պաշտպանության նախարարի մամլո խոսնակ, ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը՝ խոսելով ռուսական արտադրության «Արմատա» նոր սերնդի տանկի մասին:

Նրա խոսքով, այն կլինի աշխարհում նոր սերնդի առաջին տանկը, նոր կառուցվածքով ու նոր ապագայով ողջ տանկաշինության համար: Սա մեծ խնդիր է ու այստեղ խոսքը միայն ռուսական բանակի, զենքի ու ապագայի մասին չէ, այստեղ զինագործության ու պատերազմների ապագայի հարցն է, որտեղ տանկերի դերը զգալիորեն փոփոխվում է և դեռ շատ հարցեր պարզ չեն: Արմատան, ըստ Հովհաննիսյանի, այսօր անհայտ շատ հարցերի պատասխանների ճկունության ու փոփոխության հաշվարկով էլ պիտի մտնի կյանք, այլապես կոնցեպտուալ տարրական սխալն էլ կարող է նրա համար կործանարար լինել, նույնիսկ ոչ փոքր խմբաքանակի արտադրությունից հետո:

«Ունենալ տանկային մինի ՀՀՊ համակարգ թե ոչ, ինչպիսի՞ն այն լինի, հրանոթը փոխել թե ոչ, զենքի համակարգում նախատեսել հրանոթի հիմնարար փոփոխություն, առանց աշտարակի փոփոխության թե ոչ, սրանք հարցերի կեսն էլ չեն: Ռուսական զինագործությունը այսօր կանգնած է համաշխարհային զինագործության մի մեծ թևի փրկության կամ կործանման խաչմերուկում ու շատերը, որոնք բոլորովին չեն կամենում այդ ծախսերի տակ ընկնել շունչները պահած սպասում են այս զարմանալի մեքենայի ճակատագրին: Այնպես որ շատ կարևոր է թե ինչ կլինի: ԵՎ ինչքան էլ ինչ որ մեկն այս մեքենան հավանի կամ ոչ, լինի մրցակից գերմանացի կամ ամերիկացի, նրանց համար Արմատան ինչ որ առումով փրկություն է նաև», - կարծում է փորձագետը:

Դրանից հետո կա նաև այլ հարց, որը առաջինի նման գրեթե չի արծարծվում մասնագիտական շրջանակներում: Այս մեքենան ռուսական նոր տեսակի բանակի, թվային կառավարմամբ, փոխկակցված և այլն, բոլորը այստեղ գրել չի լինի, առաջին լիարժեք «C4 ISR» հարթակը կարող է լինել: «Իմ ներկայացրած ցանցահարթակակենտրոն մշակույթի ու փիլիսոփայության առաջին կրողը: Սիմվոլիկ է, իհարկե, որ ռուսական բանակը այս նոր մակարդակին սկսում է անցնել վերգետնյա զինատեսակով, դա մեծ հաշվով ավանդույթ ու ռազմական մշակույթ է, մի քիչ ափսոսում եմ դրա համար, բայց չափազանց մեծ քայլ է», - նշում է նա Indiandefencereview-ի էջերում հրապարակած իր հոդվածում:

Արծրուն Հովհաննիսյանը վստահ է, որ ապագայում ռազմական մեքենան կթանկանա, մեծ փոփոխություններ կկրի, բայց դա չի կարող խանգարել, եթե նրա ստեղծողներն ու պատվիրողները գնան մինչև վերջ, եթե նրանք լավ են պատկերացնում իրենց խնդիրը: «Այն կարող է դառնալ եզակի ռուսական զինատեսակ պատմության մեջ, որը հեղափոխական է ու անցել է բոլոր ցիկլերը դառնալով հիմնական զինատեսակ», - եզրափակում է նա: