Վրաստանում օրինականացրել են մարիխուանան
Վրաստանի Սահմանադրական դատարանն օրինականացրել է երկրում մարիխուանայի օգտագործումը: Հուլիսի 30-ին հրապարակվել է 3 ամիս քննվող գործի վերաբերյալ որոշումը, հայտնում է «Գիրչի» կուսակցությունն իր ֆեյսբուքյան էջում:
Դատարանը բավարարել է «Գիրչի» կուսակցության առաջնորդներ Զուրաբ Ջափարիձեի և Վախթանգ Մեգրելիշվիլիի հայցը, որոնք տարիներ շարունակ պայքարում են մարիխուանայի օրինականացման և թմրանյութերի ոլորտում քաղաքականության ազատականացման համար: Նրանք հայցով պահանջել են, որպեսզի բոլոր պատժամիջոցներն առանց բժշկի նշանակման մարիխուանա օգտագործելու համար համարվեն ոչ սահմանադրական:
Ըստ կուսակցության առաջնորդների, մարիխուանայի օգտագործումը չի սպառնում որևէ արժեքավոր հանրային շահի, իսկ պատիժը մարիխուանա օգտագործողների դեմ միայն բարոյական փաստարկներից ելնելով, հակասում է անձի ազատ զարգացման իրավունքին, և համապատասխանաբար, հակասում է Վրաստանի Սահմանադրության 16-րդ հոդվածին:
Ըստ դատարանի որոշման, մարիխուանայի օգտագործումը պատժելի է համարվում միայն այն դեպքում, եթե վտանգ է պարունակում երրորդ անձի համար, մասնավորապես, ուսհաստատություններում, տրանսպորտում և մարդկանց կուտակումների վայրերում օգտագործելու դեպքում: