Բացահայտվել է կոռուպցիոն սխեմա՝ կապված 2018 թվականի ամառային զորակոչի հետ. ԱԱԾ
Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները բացահայտել են կոռուպցիոն սխեմա, որում ներգրավված են մի խումբ քաղաքացիներ, պաշտոնատար անձինք, այդ թվում` բժիշկներ, զինկոմիսարիատի աշխատակիցներ: Վերջիններս կաշառքի դիմաց կազմակերպել և իրականացրել են 2018 թվականի ամառային զորակոչի ընթացքում բժշկական կեղծ ախտորոշումների հիմքով պարտադիր զինվորական ժամկետային ծառայությունից ՀՀ շուրջ չորս տասնյակից ավելի զինակոչիկների ազատելու կամ տարկետում տրամադրելու գործընթացը:
ԱԱԾ հաղորդագրության համաձայն, ՊՆ հանրապետական հավաքակայանի նախկին զինծառայող Կոլյա Քոսակյանը մինչև 14.000 ԱՄՆ դոլար կաշառքի դիմաց կազմակերպել է զորակոչիկներին զինկոմիսարիատների կողմից քաղաքացիական հիվանդանոցներ ուղեգրելու, նրանց բժշկական կեղծ ախտորոշումներ տրամադրելու, այնուհետև նշված ուղեգրերի հիման վրա պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու, տարկետում տրամադրելու կամ պահեստազորում հաշվառելու գործընթացը: Կոլյա Քոսակյանին և նրա խմբի անդամներին կեղծ բժշկական փաստաթղթեր ձեռք բերելու հարցում օժանդակել են տարբեր բուժկենտրոնների բժիշկ-մասնագետներ, զինկոմիսարիատի ներկա և նախկին աշխատակիցներ, որոնց էլ փոխանցվել է քաղաքացիներից վերցված գումարների մի մասը: Գործող սխեմայի մի շարք դրվագներում առանցքային դերակատարում է ունեցել բժիշկ Արամայիս Սանոսյանը:
Քրեական գործի դրվագներից մեկով Գեղարքունիքի մարզի զինվորական կոմիսար Գարիկ Առաքելյանը խոստացել է 11.000 ԱՄՆ դոլարի դիմաց պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատել քաղաքացի Ն․Ա․-ին, և սկսվել է զինակոչիկի բժշկական հետազոտությունների գործընթացը, սակայն ավարտին չի հասցվել, քանի որ դեպքը բացահայտվել է ԱԱԾ աշխատակիցների կողմից:
Ձեռք բերված ապացույցների համակցությամբ մեղադրանք է առաջադրվել 3 անձի՝ Կոլյա Քոսակյանին, Գարիկ Առաքելյանին և Արամայիս Սանոսյանին: Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: