VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Ժամանակ» թերթը գրում է․ «Չնայած Ռոբերտ Քոչարյանի մամուլի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանի հավաստիացումներին, թե Ռոբերտ Քոչարյանը Հայաստան վերադառնալու հարցում ոչ մի մտավախություն չունի, իրականում դրանք մտավախություններ չեն, այլ սարսափներ: «Ժամանակ»-ին հայտնի են առնվազն մի քանի խոշոր գործարարների անուններ, որոնք պատրաստվում են Ռոբերտ Քոչարյանի կալանավորման դեպքում նրա դեմ ցուցմունքներ տալ: Դրանք վերաբերում են անձամբ Քոչարյանի կողմից մարդկանց ունեզրկելուն և նրանց սեփականությանը տիրանալուն: Խոսքը ոչ միայն Երևանի կենտրոնում գտնվող բազմամիլիոնանոց շենքերի ու շինությունների, այլ բանկերի սնանկացման և դրանք սեփականացնելու մասին է: Բոլորը անհամբեր սպասում են Քոչարյանի վերադարձին»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկություննների համաձայն` Հայաստանում «անհետացել են» անձինք, ովքեր, ըստ շրջանառվող լուրերի, զբաղվել են թմրանյութի ձեռբերման եւ դրա վաճառքի գործընթացով: Արդյունքում՝ թմրանյութերի «բիզնեսը» ՀՀ-ում ճգնաժամային իրավիճաում է: Թմրանյութերի վաճառքի, ձեռքբերման գործընթացքը փակուղի մտավ թավշյա հեղափոխությունից հետո, քանի որ, ըստ լուրերի, վերոնշյալ հիմնական գործով զբաղվող անձինք փախուստի դիմեցին Հայաստանից: Օդում կախված լուրերի համաձայն` այս բիզնեսի բուրգի գլխին կանգնած են եղել եւ հովանավորել են Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Նարեկ Սարգսյանն ու ոստիկանապետ Վովա Գասպարյանի նախկին թիկնազորի պետ Արշակ Հակոբյանը: Հիշեցնենք, որ Նարեկ Սարգսյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում. ԱԱԾ-ում քննվող գործի շրջանակներում նրա տանը հայտնաբերվել էր թմրանյութ, զենքեր: Նրանք երկուսն էլ թավշյա հեղափոխությունից հետո լքել են ՀՀ-ն:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Չի բացառվում, որ Երեւանն իր 2800-ամյակը տոնի առանց քաղաքապետ. Տարոն Մարգարյանը հուլիսի 9-ին հրաժարական է ներկայացրել: Երեկ էլ Երեւանի ավագանին որոշեց քաղաքապետի նոր ընտրություններն անցկացնել հուլիսի 16-ին: Միայն թե ավագանու ՀՀԿ խմբակցությունը, որ մեծամասնություն է, կարծես թե հակված չէ այդ օրը քաղաքապետ ընտրելու. ՀՀԿ խմբակցության ղեկավար Սերգեյ Մկրտչյանը չբացառեց, որ ՀՀԿ-ն քաղաքապետի թեկնածու չի առաջադրի: Ու հիմա ՀՀԿ-ականները ցանկանում են ստեղծել մի իրավիճակ, որի արդյունքում վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրենսդրությամբ սահմանված կարգով կրճատի ավագանու լիազորությունները՝ լուծարելով այն: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` չի բացառվում, որ Փաշինյանն ավագանին լուծարի ոչ թե անմիջապես քաղաքապետ չընտրելուց հետո, այլ այն հաշվարկով, որ ե՛ւ ԱԺ, ե՛ւ ավագանու արտահերթ ընտրութուններն անցկացվեն միեւնույն օրը. օրենսդրությունը այդ ամենի հնարավորությունն ընձեռում է՝ ավագանու լուծարման համար կառավարության առաջ չսահմանելով ժամկետներ, չնայած ՀՀԿ-ականներն ի սկզբանե այլ հաշվարկներ են ունեցել»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն առաջիկայում պաշտոնանկ է անելու Սերժ Սարգսյանի խնամուն՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի տնօրեն Արա Մինասյանին, եւ այդ պաշտոնում նշանակելու է իր ընկերոջը: Հիշեցնենք, որ նախարարությունն արդեն մի քանի շաբաթ է՝ ստուգումներ է իրականացնում հիվանդանոցում, եւ Թորոսյանը հայտնաբերված չարաշահումների մասին խոսել է ԶԼՄ ներկայացուցիչների հետ օրերս կայացած հանդիպման ընթացքում: «Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրները հայտնում են, որ նախարարը այս հարցում վճռական է տրամադրված եւ աուդիտ իրականացնող ընկերությանը հանձնարարել է ամեն գնով չարաշահումներ հայտնաբերել հիվանդանոցում, քանի որ ինքը տնօրենի իր թեկնածուն ունի: Նշենք, որ երեկ բուժհիմարկի անձնակազմը նամակ է հրապարակել՝ նախարարից պահանջելով դադարեցնել իրենց հիվանդանոցի դեմ սկսված արշավը: «Ժողովուրդ»-ը փորձեց կապ հաստատել հիվանդանոցի տնօրեն Արա Մինասյանի հետ, սակայն վերջինս չի պատասխանել զանգերին։ Իսկ ԱՆ-ից փոխանցեցին հետեւյալը.«Բազմաշերտ ուսումնասիրություն է արվում, քանի որ այն առողջապահության նախարարության ենթակայության կառույց է։ Ստուգվում է հատկապես պետպատվերով տրամադրված ծախսերի արդյունավետությունը։ Արդեն իսկ խախտումներ հայտնաբերվել են»։ Հարցին,թե նախարարն իր թեկնածուն ունի, մամուլի խոսնակ Լիաննա Եղիազարյանը չի մեկնաբանել՝ նշելով, որ ինքը նման տեղեկություն չունի»:
«Ժամանակ» թերթը գրում է. «ՊԵԿ-ում իրականացվող կադրային նշանակումներին մենք անդրադառնում ենք գրեթե ամեն օր։ Նախօրեին անդրադարձել էինք ՊԵԿ օպերատիվ հետախուզական վարչության պետ Կարեն Կարապետյանի հետ կապված սկանդալին։ Պարզվում է՝ հեղափոխությունից հետո նրա տեղակալ նշանակված Դավիթ Օհանյանը ոչնչով չի զիջում իր պետին։ Դավիթ Օհանյանը «Փեթակ» առևտրի կենտրոնի Վարուժան Գրիգորյանի՝ Փեթակի Վարուժի սանիկն է։ Օհանյանին ՊԵԿ օպերվարչության պետի տեղակալ նշանակել է տվել անձամբ Փեթակի Վարուժը՝ Դավիթ Անանյանի միջոցով։ Իսկ նրա նշանակման լոբբինգով զբաղվում էր ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանը։ Դավիթ Օհանյանը ոչ պակաս կոռումպացված է, ով համակարգ հետ է բերում հին բարքերը և գործի դնում կոռուպցիոն սխեմաներն ու «մուծվելու» ավանդույթը»։
«Փաստ» օրաթերթը գրում է. ՊԵԿ–ն ստուգումներ է անցկացրել «Գազպրոմ Արմենիայում» և բացահայտել շուրջ երկու միլիոն դոլարի չարաշահումներ: Այս թիվն, անշուշտ, մեծ գումար է միայն հասարակ մահկանացուներիս համար, իսկ սույն ընկերության նույնիսկ չարաշահումների մեջ, թերևս, ընդամենը մի կաթիլ է: Բայց սա թողնենք համապատասխան մարմիններին և վերադառնանք մեր տաշտակին, այս դեպքում` գազօջախին կամ գազի բալոնին: «Գազպրոմ Արմենիայի» չարաշահումները և չարաշահումների բնույթը` «լևի գազ», իրականությանը չհամապատասխանող ծավալներ, գերշահույթներ և այլն, ուղղակիորեն ցույց են տալիս, թե ինչի համար ենք քաղաքացիներս վճարում, ավելին` այս չարաշահումները ցույց են տալիս, թե ինչպես է ստացվում, որ սահմանին Հայաստանը գազ է ձեռք բերում աշխարհում ամենաէժան գներից մեկով, իսկ մինչև սպառողին հասնելն այդ գինը գրեթե կրկնապատկվում է: Նույնիսկ մինչ այս բացահայտումներն էլ բազմիցս խոսվում էր այն մասին, որ քաղաքացիները վճարում են նաև գազի կորուստների համար, շատ կասկածելի կորուստների, իսկ հիմա արդեն լիովին պարզ է դառնում, որ այդ կասկածելի կորուստները, բոլորովին էլ կորուստ չէին, պարզապես «Գազպրոմ Արմենիան» գողանում էր ինքն իր գազը, վաճառում քաղաքացիներին` գազալցակայանների և այլ տարբերակներով, և այդ գողացված գազի գինը գանձում կրկին քաղաքացիներից` գազի սակագնի մեջ:
Խառնաշփոթ օղակ է, ինչ խոսք: Բայց նույնիսկ դա կարող ենք մի կողմ թողնել, պարզապես պետք է արձանագրենք, որ Հայաստանում գազի գինը կարող է նվազել, էապես նվազել, առայժմ այսքանը, ու կարող է նվազել ոչ թե ինչ–որ տարօրինակ սուբսիդիաների հաշվին, որոնց արդյունքում երկիրը մաս–մաս վաճառվում էր Ռուսաստանին, այլ ընդամենը մի ընկերությունում, անշուշտ` հզոր ընկերությունում կոռուպցիոն մեխանիզմների բացահայտման հետևանքով: Ընդամենը»:
«Փաստ» օրաթերթը գրում է. ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, իսկ նրանից առաջ էլ Վիգեն Սարգսյանը Ընտրական օրենսգրքի փոփոխության շրջանակներում այդ փոփոխությունների քաղաքական պատվիրատուին են փնտրում ու այդպես էլ չեն գտնում: Նախ նշենք, որ քաղաքագիտության տեսանկյունից իշխող քաղաքական ուժը, որը հանդես է գալիս նման նախաձեռնությամբ, ընկալվում է փոփոխության քաղաքական պատվիրատու և, բնականաբար, ստանձնում է նաև պատասխանատվությունը: Նախորդ ընտրական օրենսգրքի քաղաքական պատվիրատուն և պատասխանատուն ՀՀԿ–ն էր, թե ինչ եղավ` տեսանք բոլորս: Սակայն այստեղ միայն քաղաքական պատվիրատուին գտնելու խնդիրը չէ, որ հուզում է Ռուստամյանին ու Սարգսյանին: Նախորդ ժամանակաշրջանի տրամաբանության մեջ նրանք ցանկանում են քաղաքական պատվիրատուի մեջ տեսնել այն միակին, ում հետ կարելի է պայմանավորվել, հարմարվել կամ որոշակի համաձայնության գալ, ի դեպ գլոբալ իմաստով, ոչ թե միայն բացասական երանգներով: Սակայն նրանց փնտրտուքը մեծ հաշվով անարդյունք է մնալու, քանի որ ներկայումս Ընտրական օրենսգրքի և ընդհանրապես երկրում կատարվող և ակնկալվող բազմաթիվ փոփոխությունների պատվիրատուն հայաստանյան հասարակությունն է: Ամեն ինչ կուլիսներում, կոալիցիոն ու նմանօրինակ մեթոդներով համաձայնություններ ու պայմանավորվածություններ ձեռք բերող քաղաքական ուժերի համար այս իրավիճակը տարօրինակ է, քանի որ հասարակությունը նրանց գործունեության մեջ երբեք խաղացող կողմ չի եղել, առավելագույնը եղել է քվե: Հենց այս մտածողությունից է, որ պետք է ազատվեն մեր «ավանդական» քաղաքական ուժերը, որպեսզի չզբաղվեն անարդյունք փնտրտուքներով»:
«Հրապարակ» թերթը գրում է․ «Այս օրերին բոլորս ուշի ուշով հետեւում ենք նոր իշխանությունների վարքուբարքին։ Երիտասարդ իշխանավորները, որոնք «ս կառաբլյա նա բալ» տարբերակով հրապարակից ու փողոցներից հայտնվեցին բարձր իշխանական կաբինետներում եւ թանկարժեք մեքենաների մեջ, ծանր փորձությունների շրջան են անցնում։ Նրանք դեռ հոգեբանորեն չեն հարմարվել նոր իրողություններին՝ դեռ իրենց իշխանություն չեն զգում, դեռ չի մարել հեղափոխության մարտիկներին համակած միանգամայն հասկանալի էյֆորիան ու հաղթանակի բերկրանքը, բայց նաեւ ինչ-որ պարտականությունների բեռ է դրվել իրենց ուսերին։ Անսովոր ու ծանր բեռ։ Ի՞նչ անել, ինչպե՞ս պահել քեզ, ի՞նչ բառամթերքով հանդես գալ հանրության առաջ եւ ի՞նչ չափաքանակով։ Երեկվա փորձագետը կամ պարզապես ընդդիմադիր գործիչը ստիպված է հարցազրույցներ տալ եւ հայեցակարգային թեզեր շարադրել, պատասխանել իրեն վստահված ոլորտի խնդիրների լուծման մասին ոչ դյուրին հարցերին, բարդ թնջուկների լուծման իր տեսլականը շարադրել, երբ ընդամենը օրեր առաջ քայլում էր փողոցում, երգում էր կամ պառկում ավտոմեքենաների անիվների տակ։ Ընդդիմադիրի շապիկը պաշտոնյայի շապիկով փոխարինելը դեռ չի նշանակում համակերպվել, որ քեզ այլեւս պետք է քննադատեն, ընդ որում, քո կարծիքով՝ երբեմն անարդարացիորեն։ Դա է պատճառը, որ նոր իշխանություններն ավելի շատ զբաղված են իրենց մասին թյուր կարծիքները փարատելով եւ սխալ տեղեկատվությունը հերքելով․ չէ՞ որ իշխանություն լինելը նաեւ բացասական կողմեր ունի։ Նրանք մանուկների նման նեղանում են ու զայրանում, ժամանակին՝ գործընկեր, այժմ հակառակ դաշտում հայտնված լրագրողներից խռովում։ Եվ ոչ մի կերպ չեն կտրվում ֆեյսբուքներից, որտեղ սովոր էին գիշերներ լուսացնել։ Բայց եկել է լրջանալու եւ հասունանալու պահը։