Ժողովրդավարությունը Հայաստանի համար արտաքին քաղաքական կողմնորոշում չէ, այլ արժեքային համակարգ: Հույս ունեմ, որ Եվրամիությունում հենց այդպես են ընկալում իրավիճակը: Բրյուսելից Երևան վերադառնալիս լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ես որևէ կասկած չունեմ, որ մենք ժողովրդավարական բարեփոխումները մինչև վերջ կտանենք և հաջողություն կարձանագրվի: Նախկին ռեժիմին վերադարձ չի լինելու, բացառվում է: Միջազգային գործընկերների աջակցությամբ Հայաստանը շատ ավելի արագ կարող է իրականացնել բարեփոխումները, սակայն հայցորդի կարգավիճակում չէ», - ասաց Փաշինյանը:
Նրա խոսքով, Հայաստանում հեղափոխությունից հետո Եվրամիությունից լսել ենք բազմաթիվ ողջունող հայտարարություններ, բայց քաղաքականության մեջ որևէ շոշափելի փոփոխություն չկա:
«Եվրամիության քաղաքականությունը նույնն է, ինչ 4 ամիս առաջ։ Կարծում ենք, որ պետք է կա’մ հայտարարությունների ոգևորված տոնայնությունն իջեցնեն, կա’մ քաղաքականությունը էականորեն փոխեն։ Մենք մեր անելիքները գիտենք, և մեր գործընկերները պետք է ճշտեն իրենց անելիքները», - ասաց Փաշինյանը:
Ի դեպ, վարչապետն անդրադարձավ այն հանգամանքին, որ ԵՄ կողմից տրամադրվելիք 160 մլն-ն այդ գումարն է, որ այսպես թե այնպես նախատեսված էր։ ԵՄ-ն, ասաց Փաշինյանը, 15-20 տարի միլիոնավոր դոլարներ է ծախսել Հայաստանում դատաիրավական բարեփոխումների համար, «իսկ մենք դա արեցինք մեկ շաբաթում»։
«Ես իմ տարակուսանքը հայտնեցի քաղաքականության փոփոխության բացակայության կապակցությամբ։ Դեռևս նրանք մեզ համար ունեն շնորհավորանքներ ու կոմպլիմենտներ, բայց մենք այն վիչակում չենք, որ այդ կոմպլիմենտներից հալվենք», - ասաց վարչապետը։