25.11.2024
Մամուլ. Խոշոր գործարարները «հերթ են կանգնել»` Ռոբերտ Քոչարյանի դեմ ցուցմունք տալու համար
prev Նախորդ նորություն

ԼՂ խնդիրը պատերազմով լուծելու ցանկացած փորձ հարձակում է ժողովրդավարության դեմ. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՆԱՏՕ-ի Աֆղանստանում «Վճռական աջակցության» առաքելությանը նպաստող պետությունների եւ կառավարությունների ղեկավարների հանդիպմանն իր ելույթում հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու ցանկացած փորձ պետք է դիտարկել որպես հարձակում ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ խաղաղության դեմ:


Ինչպես հայտնում է ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը, վարչապետը հայտարարել է, որ Աֆղանստանում խաղաղության եւ կայունության միջազգային ջանքերին նվիրված այս միջոցառմանը մասնակցելն ինձ համար պատվաբեր է:


«Խաղաղությունն ու անվտանգությունը կենսական նշանակություն ունեն կայուն զարգացման համար. այդպիսին են նաեւ ժողովրդավարությունն ու ազատ շուկայական տնտեսությունը: Ինչպես գիտեք, Հայաստանը վերջերս ձեռնամուխ է եղել կտրուկ փոփոխությունների՝ իր ժողովրդավարական ապագան կերտելու նպատակով:


Հայաստանում թավշյա հեղափոխության հաղթանակը Հայաստանի հասարակության հասունության հստակ դրսեւորումն էր, մարդու իրավունքներին եւ հիմնարար ազատություններին նրա հանձնառության գրավականը:


Տիկնայք եւ պարոնայք,


Այսօրվա հավաքը վերստին կարեւորում է միջազգային անվտանգության խնդիրները եւ այդ հարցում առկա կոլեկտիվ մոտեցումը պահպանելու անհրաժեշտությունը: Մեզ բոլորիս համախմբում է ամուր հավատն ու պատրաստակամությունը՝ խաղաղություն, անվտանգություն եւ կայունություն բերելու Աֆղանստանի բարեկամ ժողովրդին:


Մենք բարձր ենք գնահատում Աֆղանստանի կառավարության` պետականաշինության եւ անվտանգության մակարդակը բարձրացնելու ջանքերը: Դա հնարավոր չէր լինի առանց Աֆղանստանի ժողովրդի, բանակի եւ անվտանգության ուժերի անմնացորդ նվիրվածության եւ զոհողության: Այնուամենայնիվ, դեռեւս շատ անելիքներ կան, որպեսզի առաջընթացն անշրջելի դառնա:


Որպես կոլեկտիվ անվտանգության ջատագով, Հայաստանը կշարունակի նպաստել միջազգային խաղաղության եւ անվտանգության ամրապնդման ջանքերին:


Խաղաղ գործընթացը պահանջում է կառուցողական մոտեցում եւ բոլոր կողմերի դիրքորոշումների քննարկում: Հետեւաբար, մենք պետք է համախմբենք միջազգային հանրության ջանքերը բացառապես խաղաղ կարգավորման հասնելու համար, ինչն անչափ կարեւոր է եվրոպական անվտանգության համար ընդհանուր առմամբ:


2010 թվականից ի վեր Հայաստանը նպաստել է Աֆղանստանում ՆԱՏՕ-ի կողմից իրականացվող խաղաղության հաստատման գործողությանը, նախ` Միջազգային Անվտանգության Աջակցության Ուժեր գործողության (ISAF), այնուհետեւ` «Վճռական Աջակցություն առաքելության» շրջանակներում: Մենք գնահատում ենք արդյունավետ համագործակցությունը Հայաստանի եւ Գերմանիայի միջեւ, ինչը, իմ կարծիքով, ՆԱՏՕ-ի անդամ եւ գործընկեր պետությունների միջեւ գործընկերության լավագույն եւ ամենավառ օրինակներից է:


Մենք պատրաստ ենք շարունակել մեր ներգրավվածությունն առաքելությանը մինչեւ 130 հոգանոց զորախմբով: Մենք նաեւ հայտնել ենք մեր պատրաստակամությունը, մասնակցելու ՆԱՏՕ-ի Կայուն գործընկերության առաքելությանը, երբ այն գա փոխարինելու Կայուն աջակցություն առաքելությանը:


Հայաստանը կշարունակի աջակցել Աֆղանստանի գլխավորությամբ եւ Աֆղանստանի մասնակցությամբ իրականացվող ներառական խաղաղության գործընթացին: Ցանկանում եմ եւս մեկ անգամ շեշտել, որ մենք կշարունակենք աջակցել բարեկամական Աֆղանստանում համակողմանի խաղաղություն, բարգավաճում եւ կայունություն հաստատելուն միտված միջազգային ջանքերին:


Քանի որ խոսք գնաց Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին, ստիպված եմ անդրադառնալ նաեւ այդ հիմնախնդրի կարգավորմանը, չնայած համարում եմ, որ այս հարցն անհամատեղելի է սույն քննարկումների ձեւաչափի հետ, քանի որ այս հավաքը միանգամայն այլ նպատակներ է հետապնդում: ՆԱՏՕ-ն մշտապես եւ հետեւողականորեն հայտարարել է, որ այդ հակամարտության կարգավորման գործում որեւէ դերակատարություն չունի:


Այնուամենայնիվ, քանի որ հարցն արդեն բարձրացվել է, ես կցանկանայի հակիրճ մեկնաբանել եւ շտկումներ մտցնել արված հայտարարության համատեքստում:


Հայաստանը, ինչպես ցանկացած ժողովրդավարական երկիր, վերահաստատում է իր հանձնառությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափով: Այս հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու ցանկացած փորձ պետք է դիտարկել որպես հարձակում ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ խաղաղության դեմ:


Վերջերս Հայաստանի հետ սահմանին եւ Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում Ադրբեջանի կողմից հրահրված հրադադարի խախտման եւ սադրանքների դեպքերը լուրջ կասկածի տակ են դնում Բաքվի հանձնառությունը խաղաղության գործընթացին:


Մենք վերահաստատում ենք ձեռք բերված նախորդ պայմանավորվածությունների իրականացման կարեւորությունը, մասնավորապես, Վիեննայում, Սանկտ-Պետերբուրգում եւ Ժնեւում կայացած հանդիպումների ժամանակ ձեռք բերվածները, որոնք, ի թիվս այլոց, ուղղված են խաղաղության համար նպաստավոր պայմանների ստեղծմանը եւ վստահության ամրապնդման միջոցառումների իրականացմանը», - ասված է վարչապետի ելույթում: