Կրասնոդար-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո հուլիսի 10-ին «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահից ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության է ներկայացել 1990 թվականին ծնված Արտեմ Պետրոսյանը:
Ինչպես հայտնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, 28-ամյա երիտասարդը հուլիսի 6-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) և 266-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի (Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելը) մեղադրանքներով:Խափանման միջոցը՝ կալանք:
Նշենք, որ Արտեմ Պետրոսյանը ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդի Նարեկ Սարգսյանի թիկնապահն է, ով ևս հետախուզման մեջ էր:
Հիշեցնենք, քննչական գործողությունների արդյունքում հայտնի էր դարձել, որ Նարեկ Սարգսյանը 2018 թվականի հունիսի 22-ին իր թիկնապահ Արտեմ Պետրոսյանի հետ մեկնել է Մոսկվա՝ այնտեղից որևէ եվրոպական երկիր մեկնելու նպատակով, և մինչ ՀՀ տարածքը լքելը Սարգսյանն իր թիկնապահի միջոցով Սերոբ Սահակյանին է փոխանցել Երևանի Արամի փողոցի շենքերից մեկի բնակարանի բանալին, իսկ արդեն հունիսի 25-ին, նույն թիկնապահի միջոցով Սահակյանին խնդրել է վերոնշյալ բնակարանում գտնվող երկու ճամպրուկները տեղափոխել այլ վայր:
Անձնական խուզարկության ժամանակ Վլադիմիր Շահինյանցի և Սերոբ Սահակյանի մոտ գտնվող ճամպրուկներում հայտնաբերվել և առգրավվել են կոկաին և մեթամֆետամին տեսակի թմրամիջոցներ, թվով 4 ատրճանակ, որոնցից մեկը խլացուցիչով, փամփուշտներ, անհայտ ծագման հաբեր, ապակյա և պլաստմասսայե խողովակներ՝ սպիտակավուն և սև հետքերով, կաթոցներ, որոնք ամենայն հավանականությամբ ծառայել են թմրանյութ օգտագործելու նպատակով և այլ իրեր:
Հայտնաբերված զենքերն ուղարկվել են փորձաքննության այլ հանցագործություններում դրանց ներգրավվածությունը ճշտելու նպատակով:
Բացի այդ, Ազգային անվտանգության ծառայությունում հաղորդում էր ստացվել այն մասին, որ դեռևս 2013 թվականին Նարեկ Սարգսյանը չարաշահելով նկարիչ Մարտիրոս Սարյանի ժառանգներից մեկի վստահությունը, նրանից վերցրել է նկարչի շուրջ 280 000 ԱՄՆ դոլար արժողությամբ թվով 14 գծանկարները` խոստանալով դրանց դիմաց վճարել 28 հազար ԱՄՆ դոլար, իսկ մնացած գումարով համատեղ հիմնադրել խաղատուն և հովանավորել դրա գործունեությունը: Նկարներին տիրանալուց հետո Սարգսյանը խոստումը չի կատարել և անտեսելով տուժողի բազմաթիվ պահանջները հրաժարվել է վերադարձնել նկարները:
Փաստի առթիվ Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում հուլիսի 4-ին խուզարկություն է կատարվել Նարեկ Սարգսյանի հաշվառման վայրում, որտեղից հայտնաբերվել են Նարեկ Սարգսյանի կողմից հափշտակված նկարները, ինչպես նաև 115 000 ԱՄՆ դոլար, 27 000 եվրո, թանկարժեք ժամացույցներ, բազմաթիվ ոսկյա մետաղադրամներ և զարդեր, որոնց ձեռքբերման հանգամանքների օրինականությունը ստուգվելու է քրեական գործի վարույթի շրջանակներում:
Խուզարկության ընթացքում Նարեկ Սարգսյանի հայրը՝ Ալեքսանդր Սարգսյանը, հայտնել էր, թե իբր նկարները գնվել են իր կողմից: Նա ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարցաքննվել էր գործարքի հանգամանքների շուրջ: Բացի այդ, առերես հարցաքննության է ենթարկվել հաղորդում տված անձի հետ, ով կրկին պնդել է, որ նկարները խաբեությամբ իրենից հափշտակել է Նարեկ Սարգսյանը: Խուզարկության ավարտից հետո Նարեկ Սարգսյանի եղբայր Հայկ Սարգսյանը ՀՀ ԱԱԾ չի հրավիրվել, նա քննչական գործողությունների է մասնակցել այլ իրավապահ մարմնում:
Նկարների պատկանելիությունը վարպետի վրձնին և դրանց արժեքը պարզելու նպատակով նշանակվելու է համապատասխան փորձաքննություն:
Խուզարկություն էր կատարվել նաև Նարեկ Սարգսյանին պատկանող տարածքներում և նրա կողմից շահագործվող թանկարժեք ավտոմեքենաներում: Տարածքներից մեկում՝ իր աշխատասենյակի մետաղյա պահարանում, հայտնաբերվել է թմրամիջոցի նմանվող նյութով լի տարա՝ իր գործածման պիտույքներով:
Ի դեպ, ավտոմեքենաներից մեկը` մոտ 90 հազար դոլար արժողությամբ, 2017 թվականի արտադրության Mercedes-Benz GLE 400 4matic մակնիշի ավտոմեքենան, կասկածելի գործարքներում ներգրավված և ցոփ ու շվայտ սովորություններով հանրությանը հայտնի վերոնշյալ անձն առանց վարանելու նվիրել է ընկերուհուն:
Նարեկ Սարգսյանն ու Արտեմ Պետրոսյանը ներգրավվել էին որպես մեղադրյալ, նրանց նկատմամբ հայտարարվել էր հետախուզում և որպես խափանման միջոց կիրառվել էր կալանավորումը: