25.11.2024
Սեյրան Օհանյանն օրեր առաջ հարցաքննվել է Մարտի 1-ի գործի շրջանակում
prev Նախորդ նորություն

ՆԱՏՕ-ն ցանկանում է խորացնել հարաբերությունները Հայաստանի հետ. ի՞նչ կասի Ռուսաստանը

ՆԱՏՕ-ն ցանկանում է է՛լ ավելի խորացնել հարաբերությունները Հայաստանի հետ և պատրաստակամ է աջակցել Փաշինյանի կառավարությանը՝ սկսած բարեփոխումներն ընդարձակելու հարցում: Այդ մասին հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով փոխտեղակալ Ջեյմս Ափաթուրայը, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:

«Ես անվերապահորեն վստահ եմ, որ Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո մեր կայուն համագործակցությունը կշարունակվի», - ասել է նա ռադիոկայանին տված բացառիկ հարցազրույցում:

«Նախ, կուզեի նշել, որ մենք շնորհավորական ուղերձ ենք հղել նոր վարչապետին, և իմ ընկալումն է, որ Հայաստանը մտադիր է շարունակել ՆԱՏՕ-ի հետ տարիներ ի վեր հաստատված ամուր համագործակցությունը: Մենք ողջունում ենք Հայաստանի ներդրումը խաղաղապահ առաքելություններում՝ Աֆղանստանում ու Արևմտյան Բալկաններում: Հայաստանն իսկապես շատ կարևոր դերակատարություն է ունեցել, և մենք ընդունում ենք դա», - ասել է Ափաթուրայը:

Թեև Հայաստանի արտգործնախարարությունը դեռ պաշտոնապես չի հաստատում, սակայն ՆԱՏՕ-ի բարձրաստիճան պաշտոնյան նշում է՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի մասնակիցների թվում է լինելու նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այո՛, Հայաստանի վարչապետը կմասնակցի գագաթնաժողովին, ու թեև ես հստակ չգիտեմ, բայց հույս ունեմ, որ նա նաև մտքերի փոխանակման հնարավորություն կունենա ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ», - ասել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով փոխտեղակալը:

«Մենք կուզենայինք շարունակել աջակցությունը Հայաստանին և նոր իշխանությունների սկսած բարեփոխումներին: Նոր կառավարությունը որդեգրել է բարեփոխումների քաղաքականություն, օրինակ՝ պայքար է տանում կոռուպցիայի դեմ: Մենք հատուկ ծրագիր ունենք՝ պաշտպանական ոլորտում կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու ուղղությամբ, որը կարող է օգտակար լինել Հայաստանի նոր կառավարության համար՝ է՛լ ավելի ընդարձակելու իր պայքարը», - ասել է Ափաթուրայը:


Ռուսաստանցի հայտնի ռազմական փորձագետներից Իգոր Կորոտչենկոն, որը վերջերս Ալեքսանդր Դուգինի եւ այլ ռուսաստանցի հանրային ու քաղաքական գործիչների հետ այցելել էր Ադրբեջան՝ մասնակցելու համար «Ադրբեջանը Հարավային Կովկասում Ռուսաստանի միակ բարեկամ» թեմայով համաժողովին ու բարձրացել են Լալե Թեփե բարձունքում տեղակայված ադրբեջանական դիրքեր, կարծում է, որ Փաշինյանի այցը Բրյուսել կնվազեցնի Ռուսաստանի համար Հայաստանի՝ որպես ռազմա-քաղաքական դաշնակցի ստրատեգիական նշանակությունը:


«Փաշինյանն իր ձեռքեով հրահրում է Ռուսաստանին Ադրբեջանի հետ մերձեցման», - գրում է իր Facebook-յան էջում Կորոտչենկոն ու հույս հայտնում, որ Երեւանը չի գնա Կիեւի ճանապարհով: «Իսկ եթե գնա, ապա աղետալի հետեւանքների վերաբերյալ բոլոր բողոքները հայ ժողովուրդը պետք է ուղղի ինքն իրեն եւ Փաշինյանին», - ընդգծում է փարձագետը: