27.11.2024
Հայաստանի համար գազի գինը բացառիկ է, բայց մենք առավել բացառիկ սակագին ենք ուզում. Փաշինյան
prev Նախորդ նորություն

Ադրբեջանցի ակտիվիստներն ակցիա են անցկացրել ի պաշտպանություն քաղբանտարկյալ Իլգար Մամեդովի

Ադրբեջանցի ակտիվիստներն, ի պաշտպանություն Ադրբեջանում գործող ընդդիմադիր «Հանրապետական այլընտրանք» REAL կուսակցության նախագահ, քաղբանտարկյալ Իլգար Մամեդովի, բողոքի ակցիա են իրականացրել: Այս մասին հաղորդում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը:

Ակցիան իրականացվել է հունիսի 14-ին՝ Իլգար Մամեդովի ծննդյան օրը: Ակցիայի մասնակիցները երկինք են բաց թողել փչովի գնդակներ՝ ի նշան ազատության, և որպեսզի դրանք տեսնի նաև Մամեդովը: Ակտիվիստները վանկարկել են «Հանրապետականները երբեք չեն հանձնվում և ազատություն Իլգարին» կարգախոսները:

Ադրբեջանի իշխանությունները շարունակում են չկատարել երկրի վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) վճիռները:

«Հանրապետական այլընտրանք» (REAL) կուսակցության հաղորդմամբ՝ Ադրբեջանի իշխանությունները չեն իրականացնում կուսակցության առաջնորդ Իլգար Մամեդովի վերաբերյալ ՄԻԵԴ կայացրած երկրորդ վճիռը ևս, որը վերաբերում է նրա դեմ հարուցված քրեական գործին և 2013 թ. Ւսմաիլլիի դեպքերի պատճառով Մամեդովին 7 տարվա ազատազրկման դատապարտելու ադրբեջանական դատարանի վճռին:

Մամեդովի գործով առաջին վճիռը Մարդու իրավունքների եվրոպական դատարանը կայացրել էր դեռևս 2014 թ., որով անօրինական էր համարել նրա կալանքն ու նրա նկատմամբ քաղաքական դրդապատճառներով պայմանավորված հետապնդումները: Ադրբեջանի իշխանությունները չեն իրականացրել նաև ՄԻԵԴ առաջին որոշումը: