27.11.2024
Ադրբեջանցի ակտիվիստներն ակցիա են անցկացրել ի պաշտպանություն քաղբանտարկյալ Իլգար Մամեդովի
prev Նախորդ նորություն

Ջավախքցիները տուգանվում են. Ախալքալաքի ղեկավարությունը նամակով դիմել է Նիկոլ Փաշինյանին

Վրաստանի հայաբնակ Սամցխե-Ջավախքի բնակիչները Հայաստանում մինչեւ իշխանափոխությունը տեղի ունեցած ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար տուգանվել են եւ այդ տուգանքները չեն զրոյացվել։ Տվյալ հարցի լուծման համար Ախալքալաքի սակրեբուլոյի պատգամավորները նամակով դիմել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։


Akhaltskha.Net-ը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հասցեագրված նամակը ներկայացնում է առանց փոփոխության։


«Տեղեկացնում ենք Ձեզ առ այն, որ վերջին շրջանում Ախալքալաքի մունիցիպալիտետի բնակիչները դիմել են մեզ, գանգատվելով այն բանից, որ մեր շրջանի որոշ վարորդներ ՀՀ տարածքում գտնվելու ժամանակ թույլ են տվել վարչական իրավախախտումներ, սակայն այդ իրավախախտումների նկատմամբ Հայաստանի համապատասխան ծառայությունների կողմից արձագանք չի եղել: Բոլոր վարչական իրավախախտումները մտցվել են ցուցակ և հանձնվել Հայաստանի մաքսային ծառայությանը, ինչից հետո մեր բնակիչներին սկսել են տուգանել նախկին վարչական իրավախախտումների համար:


Մեր վարորդները հասկացել են, որ չպետք է խախտեին ճանապարհային երթևեկության կանոնները: Հայաստանը մեզ՝ ջավախքցիներիս համար եղել է, կա ու կմնա որպես պատմական հայրենիք: Մենք միշտ Հայաստանի կողքին ենք եղել, երբ ընթանում էին ղարաբաղյան իրադարձությունները, երբ երկրաշարժ տեղի ունեցավ, մենք ձգտել ու ձգտում ենք օգուտ տալ մեր Մայր Հայաստանին: Այսօր մեր բնակչության սոցիալական վիճակը ծայրահեղ ծանր է: Տուգանելով ջավախքցիներին սահմանին ՝ ավելի ենք խորացնում մեր բնակչության սոցիալական վիճակը:


Վերոնշյալից ելնելով, խնդրում ենք Ձեզ, բացառության կարգով, ներել նախկին վարչական իրավախախտումները, ինչպես դա կատարվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար: Եթե նորից կխախտվեն ճանապարհային երթևեկության կանոնները, ապա թող իրավախախտները տուգանվեն», - ասված է նամակում:


Հիշեցնենք, որ կառավարությունը օրենսդրական փոփոխություն նախաձեռնեց ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների տուգանքների համաներում հայտարարելու համար:


Մասնավորապես, կառավարությունը 2012-17 թվականների տուգանքների համար նախատեսում է համաներում հայտարարել: Արդարադատության նախարարությանն առաջարկել են, որպեսզի այդ կառույցն իր հերթին կառավարությանն առաջարկի՝ Ազգային ժողովում հանդես գալ համաներման ակտ ընդունելու նախաձեռնությամբ, որի արդյունքում կչեղարկվեն 13,7 միլիարդ դրամի չափով տուգանքներ:


Ավելի վաղ ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ծննունդով Ջավաքից, «Ջավաք» հայրենակցական միության նախագահ, պատգամավոր Շիրակ Թորոսյանը հետաքրքրվել էր՝ համաներումը տարածվելո՞ւ է Ջավախքի բնակիչների վրա, ովքեր վրացական համարանիշով մեքենաներով երթևեկել են Երևանում: Նա նշել էր, որ կան Ջավախքի բազմաթիվ քաղաքացիներ, ովքեր նույնպես ունեն խոշոր չափի տուգանքներ: Պատգամավորը հայտնել էր, որ Ջավախքի բնակիչները միայն սույն թվականի հունիսի 4-ին են իրազեկվել այդ տուգանքների մասին:


Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը, պատասխանելով պատգամավորի հարցին, շեշտել էր, որ համաներումը տարածվելու է բոլորի վրա՝ անկախ քաղաքացիությունից, անկախ ազգությունից, առանց որևէ խտրականության: «Բոլորը, ովքեր ունեն վարչական իրավախախտումներ, նրանց վրա դա կտարածվի»,- նշել էր նախարարը: