ԱԱԾ աշխատակիցները ստուգումներ են իրականացնում Երեւանի քաղաքապետարանում
Ազգային անվտանգության ծառայությայն աշխատակիցներն այս պահին հատուկ գործողություններ են իրականացնում Երեւանի քաղաքապետարանում՝ կապված «Երեւան» հիմնադրամի գործունեության հետ։
Լուրեր են շրջանառվում, որ ԱԱԾ աշխատակիցները Երեւանի քաղաքապետարանում են եւ առգրավվել են «Երեւան» հիմնադրամի բոլոր փաստաթղթերը։
Ավելի վաղ ՀՀ Կրթության գիտության նախարար Արայիկ Հարությունյանը վերջերս ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել՝ տեղեկացնելով, որ Երեւանի ավագանու առաջիկա նիստում ներառվել է «Երեւան» հիմնադրամը լուծարելու հարցը:
Արայիկ Հարությունյանը եւ ԱԺ պատգամավոր Լենա Նազարյանն ավելի վաղ դատի էին տվել հիմնադրամին՝ նշելով, որ այնտեղ կարող են լինել կոռուպցիոն սխեմաներ:
«Երեւան» հիմնադրամը պետական գրանցում է ստացել 2007 թվականին, հոգաբարձուների խորհրդի նախագահն է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, խորհրդի կազմում են նաեւ քաղաքապետի տեղակալները, խորհրդականը, աշխատակազմի քարտուղարը, քաղաքապետարանի տարբեր վարչությունների պետեր, ինչպես նաեւ ավագանու անդամներ: