Վատ նախադեպ է․ Ո՞ւմ է Նիկոլ Փաշինյանը նշանակել ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար է նշանակել Վաղինակ Սարգսյանին: «Ժողովուրդ» թերթը գրում է, որ այս նշանակումը, սակայն, պատահական չէ։
Ապրիլի 23-ին Երևանում Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ 10 օր տևած «Իմ քայլը» նախաձեռնության բողոքի ակցիային հանկարծակի միացան ՀՀ զինված ուժերի խաղաղապահ բրիգադի մի խումը զինծառայողներ համազգեստներով: Եվ Սարգսյանը եղել է հենց այդ բրիգադի հրամանատարը:
Ըստ ՊՆ-ում տարածված լուրերի՝ զորամասի հրամանատարական կազմն է օգնել զինվորներին միանալ բողոքի ակցիային: Հիմա շատերը հակված են կարծելու, որ Վաղինակ Սարգսյանին նման բարձր պաշտոնի նշանակելը կապված է հենց այդ դեպքի հետ:
Ռազմական փորձագետ, ՀՅԴ անդամ Արթուր Եղիազարյանը եւս անդրադարձել է այս նծանակմանը՝ հիշեցնելով դասալիքության մասին։
«ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերի հրամանատար է նշանակվել Վաղինակ Սարգսյանը, ում հրամանատարությամբ գործող Խաղաղապահ բրիգադի զինծառայողներն, այս ապրիլին ինքնակամ լքել էին զորամասը, ինչն օրենքի ու կանոնակարգի կոպիտ խախտում էր։ Չհաշված՝ իրենց պարտականությունների գոյություն չունեցող կամ ցածր գիտակցումը։ Իսկ վերջին հանգամանքը՝ հենց հրամանատարական կազմի լիարժեք մեղավորությունն է։ Անձի մարդկային որակների մասին բան չեմ ասում, քանի որ չեմ ճանաչում։ Ասածս բացառապես ծառայության որակի հետ է կապված։
Հուսամ, որ իր նոր ենթակայությամբ գործող ԱԱԾ Սահմանապահական զորքերից էլ դասալքում չի լինի՝ իր հետևանքներով ... Վատ նախադեպ է։ Իրոք՝ վատ։ Կարսի անկումը վկա ...», - նշում է նա։