Թուրքիան մտադիր է երկաթուղի կառուցել դեպի Նախիջևան
Թուրքիան երկաթուղի կկառուցի դեպի Նախիջևան. Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու երկաթուղու նախագծման աշխատանքները կսկսվեն 2018-ի ավարտին կամ 2019-ի սկզբին: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի, նավագնացության և կոմունիկացիաների նախարար Ահմետ Արսլանը Անադոլու գործակալությանը:
Նոր տրանսպորտային նախագիծը ենթադրում է 224 կմ երկարությամբ երկաթգծի կառուցում: Երկաթուղին հաշվարկված կլինի արագընթաց գնացքների գործարկման հեռանկարով, որոնք ժամում մինչև 160 կմ արագություն են բացում:
Ըստ նախարարի, նոր երկաթուղին կմիանա Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղուն, հետագայում Կապիկկուլե-Կարս գծին միանալու հեռանկարով, որը հատում է Թուրքիայի ամբողջ տարածքն արևելքից արևմուտք:
«Դեպի Նախիջևան և Իրան նոր գիծը կարևոր նշանակություն կունենա տարածաշրջանում բեռնափոխադրումների աճի տեսակետից»,- ասել է Արսլանը:
2017 թվականի հոկտեմբերի 30-ին Բաքվում տեղի ունեցավ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի բացման հանդիսավոր արարողությունը, որին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրավերով, ներկա էին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին: