25.11.2024
Կոկաինի գործից բանտ, հետո՝ կառավարություն. ո՞վ է փոխվարչապետ Ավինյանի նոր խորհրդականը
prev Նախորդ նորություն

Արցախում համակարգային բարեփոխումները սկսվում են վերևից

Արցախում պետք են կադրային լուրջ փոփոխություններ, որը պլանավորել է երկրի նախագահը եւ կոնկրետ մենք՝ այսօր հրաժարականի դիմում ներկայացնողներս, օգնում ենք նախագահին ավելի արագ իրականացնել այն պայմանավորվածությունը, որը կար: Այս մասին նշեց Արցախի պետնախարար Արայիկ Հարությունյանը, ով այսօր առավոտյան հրաժարականի դիմում է ներկայացրել երկրի նախագահին:


Նրա խոսքով, հանրության մոտ կա ձեւավորված պահանջ երկրում բարեփոխումների նոր փուլ իրականացնելու առումով:


Արցախում առկա են կուտակված սոցիալ-տնտեսական խնդիրներ: Հասարակության մոտ փոփոխությունների պահանջը կյանքի կոչելու համար արցախյան իշխանությունները որոշեցին չսպասել հեղափոխությանը ներքևից` փողոցի ճնշման տակ, ինչպես դա եղավ Հայաստանում, Արցախը գնաց հեղափոխությանը վերևից` իրականացնելու համար լուրջ փոփոխություններ, որոնց մեսիջը ստացել են հասարակությունից:


Պետք է նշել, որ արցախյան գործող իշխանությունները սերտ կապերի մեջ էին ՀՀ-ի արդեն նախկին իշխանությունների հետ` ՀՀ-ի ռազմաքաղաքական ղեկավարության կենտրոնական դեմքերը ծնունդով Արցախից էին ու փոխադարձ կապերն ու շփումները սերտ էին: Թավշյա հեղափոխությունից հետո իրավիճակ է փոխվում նաև Արցախում` Երևանից փոփոխությունների ազդակը հասել է Ստեփանակերտ:


Ամենակարևորն այս պահին Արցախի սահմանների անվտանգությունն է, քանի որ հրաժարական են տվել ուժային մի շարք դեմքեր, իսկ պատերազմող Արցախը չի կարող իրեն թույլ տալ թուլացնել ուժային բլոկը` Բաքուն ամեն պահ կարող է ղարաբաղյան ներքաղաքական իրադարձություններն օգտագործել սահմանն ապակայունացնելու ու նոր սադրանքներ իրականացնելու համար:


Արցախում բարեփոխումները չպետք է վնասեն Արցախի անվտանգությանը: Արցախում փոփոխությունները` քաղաքական համակարգում, ուժային համակարգում, քաղաքացիական հասարակության ակտիվացման առումով պետք է էլ ավելի ուժեղացնեն Ղարաբաղը` Ադրբեջանի հետ ապագա պատերազմում ավելի ամուր ու վստահ, հասարակություն-իշխանություն համերաշխության պարագայում դիմագրավելու համար:


Արցախից հնչում են մեսիջներ, որ Ստեփանակերտում տեղի ունեցող իրադարձությունները թելադրված չեն Երևանից, դա Արցախի ներքին գործն է: Հասարակության էլ ավելի մեծ դժգոհություն թույլ չտալու համար Արցախում որոշում կայացվեց գնալ անցնցում համակարգային փոփոխության, որտեղ պետք է լուրջ դերակատարում ունենա Արցախի արդեն նախկին պետնախարար, մինչ այդ Արցախի վարչապետ Արայիկ Հարությունյանը` նա կարող է դառնալ Արցախում կառուցողական ընդդիմություն, հասարակություն-իշխանություն հարաբերություններում կապող օղակ ու յուրօրինակ բուֆեր, որպեսզի դժգոհության ալիքը ունենա դրական ուղղվածություն դեպի բարեփոխումներ, այլ ոչ թե ցնցումներ: