Կոկաինի գործից բանտ, հետո՝ կառավարություն. ո՞վ է փոխվարչապետ Ավինյանի նոր խորհրդականը
«Թավշյա հեղափոխության» արդյունքում իշխանության եկած Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունում պաշտոնյաների նշանակումը երբեմն ոչ միանշանակ է ընդունվում հանրության շրջանում: Հատկապես, որ նրանցից ոմանք նխակին իշխանությունների հետ կապ ունեցող մարդիկ են՝ երբեմն քրեական անցիալով:
Այսօր, հունիսի 6-ին, հայտնի դարձավ, որ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը որոշում է ստորագրել Օդեսայում ՀՀ նախկին հյուպատոս Գեորգի Մուրադյանին խորհրդական նշանակելու մասին: Ժամանակին Գեորգի Մուրադյանն Աժ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի օգնականն էր, ամենամոտ անձանցից մեկը, աշխատել է նաև ՀՀԿ շտաբում:
Ըստ լուրերի՝ Մուրադյանը հայտնի է նաև իր քրեական անցյալով. ասում են՝ թմրանյութերի հետ կապված միջադեպի գործով 2000-ականների սկզբներին եղել է ձերբակալված:
Ինչպես հայտնում է «Հրապարակ» թերթը, դեռեւս հյուպատոս նշանակվելու ժամանակ 2006 թ. սկզբին «02»-ով մի տեսանյութ է հեռարձակվել, ըստ որի՝ ԱՄՆ-ից Գ. Մուրադյանի անունով ուղարկվել է ծանրոց. մեծ տրամաչափի մոմեր՝ իրենց մոմակալներով:
Դեռ ԱՄՆ-ում երկրի հատուկ ծառայությունները բացահայտել են, որ մոմերի մեջ թաքցված է թմրանյութ՝ կոկաին, ինչպես պարզվել է՝ մոտ 300 գրամ, որը բավականին լուրջ քանակություն է: Մուրադյանը դատապարտվում է, սակայն մի որոշ ժամանակ անց հայտնվում է ազատության մեջ։
Գեորգի Մուրադյանի հայրը՝ ՀՀ ԱԳՆ հնագույն եւ հարգված դիվանագետներից Էդուարդ Մուրադյանն էր, ով 2011թ. սկզբին ինֆարկտից մահացավ Թբիլիսիում, ուր աշխատում էր որպես ՀՀ դեսպանության խորհրդական։ Ազատ արձակվելուց հետո Մուրադյանը դառնում է այն ժամանակվա ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավոր օգնականը։