ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը որևէ ազդեցություն չի ունեցել իմ հրաժարականի որոշման վրա։ Այս մասին ասուլիսում հայտարարեց Արցախի պետական նախարարի պաշտոնից հրաժարական ներկայացրած Արայիկ Հարությունյանը:
Պատասխանելով լրագրողի հարցին՝ նա նշեց.
«Այդ քննարկումները եղել է իմ ու նախագահի մեջ, ոչ մի ազդեցություն ու միջամտություն չի եղել դրսից», - ասաց նա։ Արայիկ Հարությունյանն ավելացրեց, որ Նիկոլ Փաշինյանի կողմից ևս միջամտություն այդ որոշման կայացման հարցում չի եղել:
Նա նաև ավելացրեց. «Ոչ մեկը չի կարող ճնշում գործադրել իմ կամքին, քաղաքական իմ տեսակետները ես միշտ արտահայտել եմ», - ասաց նա։
Արայիկ Հարությունյանն ասաց, որ իր հրաժարականով երկիրը շատ բան չի կորցնի, բայց շատ բան կշահի: Իսկ ինքը որևէ տեղ չի տեղափոխվելու՝ կառչած չէ աթոռին։
Անդրադառնալով շրջանառվող լուրերին, թե իրեն այդ պաշտոնում փոխարինելու է ԱԾԾ պետ Արշավիր Ղարամյանը, Հարությունյանը նշեց, որ վերջինս իր կյանքում հանդիպած եզակի մարդկանցից է, ճանաչում է նրան վաղուց, որին նա շատ հարգում է: Բայց Ղարամյանը չէ, որ նրան փոխարինելու է այդ պաշտոնում:
«Այսօր հրաժարականի դիմում են ներկայացրել ԱԱԾ ղեկավարն ու ոստիկանապետը: Երկուսն էլ լեգենդար մարդիկ են, ունեն անցած ճանապարհ, որոնց կենսագրությունը կարող է սերունդներ դաստիարակել: Բայց Ղարամյանը չի նշանակվի պետնախարար, որոշումը ուրիշ է լինելու»,-ասաց նա:
Հիշեցնենք, առավոտյան հայտնի դարձավ, որ Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանը աշխատանքից ազատվելու մասին դիմում է ներկայացրել ԱՀ նախագահ Բակո Սահակյանին: