25.11.2024
ՌԴ-ում հարցման մասնակիցների 48%-ը չի լսել հայաստանյան իրադարձությունների մասին
prev Նախորդ նորություն

ՍԴ դատավորի առաջադրման հարցով նախագահ Արմեն Սարգսյանը դիմել է Սահմանադրական դատարան

Վերջին շրջանում տարբեր մասնագիտական քննարկումներ ծավալվեցին Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու առաջադրելու գործընթացի մանրամասների եւ ժամկետների վերաբերյալ: ՀՀ Սահմանադրությամբ՝ Սահմանադրական դատարանի դատավորների թեկնա­ծու­ների ընտրության եւ առաջադրման մանրամասները, այդ թվում` ժամկետներ սահմանված չեն, եւ դրանց սահմանումը սահմանադիրը հստակ վերապահել է երկու իրավական ակտերի, այն է՝ «Սահմանա­դրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրեն­քին եւ Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքին:


Ինչպես հայտնում են նախագահի աշխատակազմից, ի կատարումն Սահմանադրության նշված պահանջի՝ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահ­մա­նադրական օրենքով սահմանվել է նշված գործընթացի կազմակերպման վեցամսյա ժամկետ: Այսինքն, օրենսդիրը դիտարկել է, որ համա­պա­տասխան գործընթացը կարող է տեւել ընդհուպ մինչեւ վեց ամիս, եւ այդ ժամ­կետը նախատեսված է այն իրավական ակտով, որը, Սահմանադրության կարգավորում­ներից ելնելով, կարող էր նման ժամկետ սահմանել: Սակայն «Ազգային ժողովի կանոնա­կարգ» ՀՀ սահմանադրական օրենքով նախատեսվել են մեկամսյա եւ տասնօրյա ժամկետներ, որոնց սահմանադրաիրավական հիմքը, ինչպես նաեւ անհրաժեշտության եւ ողջամտության հիմնավորումը մեր գնահատմամբ բացակայում է:


«Պետք է նկատել նաեւ, որ վեց ամիս ժամկետը ողջամիտ եւ տրա­մաբանական է նաեւ այն պատճառաբանությամբ, որ Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի առաջադրման եւ ընտրության գործընթացն ընդգրկում է երեք առան­ձին գործառույթ՝ երեք մարմնի կողմից: Հաշվի առնելով Սահմանադրական դատարանի գործառույթները եւ դրա­նից բխող՝ դատավորի պարտականություններն ու պատասխանատվության շրջանակը, ինչպես նաեւ միջ­ազ­գային փորձում ընդունված մոտեցումները՝ Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի առաջադրումը չի կարող եւ չպետք է լինի նման սեղմ ժամկետներում՝ առանց պատշաճ ուսումնասիրման գործընթացի: Հակառակ մոտեցումն ինքնին կարող է խաթարել ողջ գործընթացի էությունը: Նման գործընթացի կազմակերպումը, հաշվի առնելով Սահմանադրական դատարանի դատավորի առաքելությունն ու գործառույթները, առավել քան ողջամիտ եւ տրամաբանական է վեցամսյա ժամկետի շրջանակներում դիտարկելը:


Միաժամանակ «Ազգային ժողովի կանոնա­կարգ» ՀՀ սահմանադրական օրենքով նախատեսված խնդրո առարկա ժամկետները ոչ միայն ողջամտության խնդիր են առաջացնում, այլեւ, ինչպես նշվեց, Սահմանադրությանը համապատասխանության, քանի որ Սահմանադրությամբ հստակ սահմանվել են այն իրավական ակտերը, որոնք պետք է կարգավորեին նշված մանրամասները, ինչը չէր կարող կատարվել «Ազգային ժողովի կանոնա­կարգ» ՀՀ սահմանադրական օրենքով, այլ բացառապես «Սահմանա­դրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրեն­քով եւ Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքով:


Այս եւ համապատասխան դիմումում ներկայացված այլ հիմնավորումներից ելնելով եւ ղեկավարվելով Սահմանադրությամբ ինձ վերապահված լիազորություններով՝ ես դիմում եմ ներկայացրել Սահմանադրական դատարան՝ նշված իրավական ակտերի՝ Սահմանադրությանը համապատասխանությունը պարզելու նպատակով»,- ասված է նախագահի հայտարարության մեջ: