«Հանրապետականն այլևս ընդդիմություն է»,- «Ազատություն» ռադիոկայանի հարցին ի պատասխան՝ ասել է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: «Մենք լինելու ենք կառուցողական ընդդիմություն` պետական մտածողությամբ»,- հավաստիացրել է Շարմազանովը:
Շարմազանովի ասածների մեջ ոչ մի արտառոց բան չկա, որովհետև եթե կառավարությունը գտնվում է այլ քաղաքական ուժի ձեռքում, եթե ՀՀԿ-ն չի մասնակցում գործադիր իշխանության ձևավորմանը, և հետևաբար պատասխանատվություն չի կրում այդ կառավարության գործունեության համար, նա ընդդիմություն է՝ անկախ այն հանգամանքից, թե խորհրդարանում մեծամասնություն է, թե փոքրամասնություն:
Բայց եթե ՀՀԿ-ն ընդդիմություն է, գրում է 1in.am-ի հոդվածագիրը, ապա այստեղից առաջ է գալիս այլ հարց: Ինչո՞ւ է ՀՀԿ-ն մինչև այժմ իր ձեռքում պահում խորհրդարանի ղեկավարումը, երբ ընդդիմություն դառնալուց անմիջապես հետո պետք է զիջեր այդ տեղը նոր իշխանությանը: Այս պահին խորհրդարանի նախագահը և նրա երկու տեղակալները ՀՀԿ-ականներ են: Բայց հիմա ունենք նոր քաղաքական իրողություն, և ՀՀԿ-ն պետք է հարմարվի այդ նոր իրողությանը:
Սահմանադրության 104-րդ հոդվածում ասվում է. Ազգային ժողովն իր կազմից ընտրում է Ազգային ժողովի նախագահ և նրա երեք տեղակալ: Տեղակալներից մեկն ընտրվում է ընդդիմադիր խմբակցությունների կազմում ընդգրկված պատգամավորների թվից: Ազգային ժողովի նախագահը և նրա տեղակալներն ընտրվում և հետ են կանչվում պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Ինչպես պարզ և շատ հստակ գրված է Սահմանադրությամբ, խորհրդարանական ընդդիմությունը կարող է ունենալ միայն մեկ ԱԺ փոխխոսնակի տեղ, բայց ոչ խորհրդարանի նախագահ և երկու փոխխոսնակ:
Ընդդիմության փոխխոսնակի տեղը այս պահին զբաղեցնում է «Ծառուկյան» դաշինքի ներկայացուցիչ Միքայել Մելքումյանը: Հնարավոր է, որ արդեն այսօր «Ծառուկյան» դաշինքը մաս կազմի Ազգային համաձայնության կառավարությանը, և «Ծառուկյան» դաշինքը ընդդիմադիր խմբակցությունից վերածվի իշխանականի: Այդ դեպքում, «Ծառուկյան» դաշինքը կզրկվի այդ տեղից: Այն, ինչ ճիշտ է «Ծառուկյան» դաշինքի համար, պետք է ճիշտ լինի նաև ՀՀԿ-ի համար, որովհետև Սահմանադրությունը գործում է բոլորի համար հավասարապես: Իսկ այս պահին ԱԺ ղեկավարությունը գտնվում է Սահմանադրությունից դուրս, այս քաղաքական կազմով այն ուղղակի հակասահմանադրական է:
ԱԺ-ում սահմանադրականությունը վերականգնելու համար նախ պետք է հրաժարական տա ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, որովհետև ընդդիմությունը չի կարող ունենալ ԱԺ նախագահ: Ըստ Սահմանադրության խորհրդարանական ընդդիմությունը չի կարող ունենալ երկու ԱԺ փոխխոսնակ, և ՀՀԿ-ն պետք է որոշում կայացնի թե որպես ընդդիմություն ո՞ւմ է պահում ԱԺ փոխխոսնակի պաշտոնում՝ Էդուարդ Շարմազանովի՞ն, թե՞ Արփինե Հովհաննիսյանին, և նրանցից մեկը ևս պետք է հրաժարական ներկայացնի: Այդ ժամանակ նոր իշխանությունը կարող է, ըստ քաղաքական համաձայնության, կիսել խորհրդարանի ղեկավարության տեղերը. «Ծառուկյան» դաշինքը կարող է պահպանել իր ունեցած մեկ փոխնախագահի տեղը, իսկ «Ելք» խմբակցությունը իր կազմից, կարող է որոշել, թե ով է զբաղեցնում ԱԺ նախագահի և մյուս փոխնախագահի պաշտոնը: Չի բացառվում, որ ԱԺ ղեկավարության ձևավորմանը մասնակցի նաև ՀՅԴ-ն:
Կարող են ասել, որ սա անտրամաբանական է, և ինչպես կարող է խորհրդարանում ընդամենը 9 մանդատ ունեցող ուժը ունենա և ԱԺ նախագահ և փոխնախագահ: Բայց դա նույնն է, որ հարցնես, թե ինչպես կարող է 9 մանդատ ունեցող քաղաքական ուժը ունենա վարչապետ և կառավարություն ձևավորելու լիազորություն: Այնպես որ, ՀՀԿ խմբակցությունը շատ արագ պետք է որոշակիություն մտցնի այդ հարցում՝ թույլ չտալով, որ Սահմանադրության խախտումը շարունակվի տևական ժամանակ:
«Ինչ վերաբերում է խորհրդարանական հանձնաժողովներին, ապա դրանց ՀՀԿ-ական նախագահների պաշտոնավարումը առայժմ կշարունակվի օրինական մնալ: Սահմանադրության 106 հոդվածով՝ «Մշտական հանձնաժողովների նախագահների պաշտոնները խմբակցությունների միջև բաշխվում են խմբակցությունում ընդգրկված պատգամավորների թվի համամասնությամբ»: Քանի դեռ ՀՀԿ խմբակցությունը չի մասնատվել, նրանք կարող են հանգիստ լինել իրենց պաշտոնների համար»,- ասված է հոդվածում: