Համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալը քաղաքական հարթության մեջ շատ քիչ բան է փոխում. արևելագետ
Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալը քաղաքական հարթության մեջ, ըստ էության, շատ քիչ բան է փոխում՝ հաշվի առնելով, որ փաստաթուղթը ստորագրած մյուս բոլոր կողմերը հայտարարել են, թե մնում են իրենց ստանձնած պարտավորություններին հավատարիմ։ Այս կարծիքին է արևելագետ Վարդան Ոսկանյանը:
Ըստ նրա՝ ուշագրավ է, որ ԱՄՆ-ի նախագահի՝ համաձայնագրից դուրս գալուն նվիրված պաշտոնական ելույթում նշվում է նաև, թե Իրանը իբր հովանավորում է այնպիսի ահաբեկչական կազմակերպությունների, ինչպիսիք են այդ թվում «Թալիբան» շաժումը և «ալ-Կաիդա» ցանցը, մինչդեռ Մերձավոր Արևելքի մասին գեթ տարրական գիտելիքներ ունեցողի համար պարզ է, որ ծայրահեղ սուննիական գաղափարախոսություն դավանող և հակաիրանականությամբ աչքի ընկնող այդ կառույցներին շիայական Իրանը ոչ միայն որևէ կերպ չի կարող օժանդակել, այլ ընդհակառակը՝ իր ունեցած բոլոր միջոցներով պայքարում է դրանց թուլացման և ոչնչացման ուղղությամբ։
«Նկատի ունենալով այս ամենը՝ ակնհայտ է, որ ԱՄՆ-ի նմանօրինակ քաղաքական որոշումը միտված է մեկ հիմնական նպատակի՝ փաստացի միակողմանի պատժամիջոցներով կամ դրանց սպառնալիքով խրտնեցնել Իրանի հետ թեև համեմատաբար ոչ մեծ ծավալների, բայց այսուհանդերձ տնտեսական ծրագրեր իրականացնող և այդ երկրում ներդրումներ կատարող օտարերկրյա ընկերություններին և նաև այդպիսով խարխլել առանց այն էլ ոչ այնքան բարվոք վիճակում գտնվող իրանական տնտեսությունը՝ որպես նվազագույն թիրախ դնելով Մերձավոր Արևելքում Թեհրանի ազդեցության սահմանափակումը, իսկ առավելագունը՝ ներկայիս շիայական վարչակարգի փոփոխութունը երկրի ներսում տնտեսական անկայունության հրահրմամբ»,- գրել է փորձագետը Facebook-յան իր էջում։
Միջազգային հանրության արձագանքը այս լուրին չուշացավ: Այն, որ Թրամփը կարող է հայտարարել Իրանի հետ միջուկային գործարքից դուրս գալու մասին այնքան էլ անսպասելի չէր: Որոշ երկրներ ափսոսանք են հայտնել այդ կապակցությամբ: Մասնավորապես՝ Չինաստանը: Չինական կողմն այսուհետ ևս հանդես է գալու Իրանի միջուկային ծրագրի համաձայնագրի ամբողջական կատարման օգտին:
Իսկ ահա ԱՄԷ իշխանությունները պաշտպանել են Իրանի հետ միջուկային գործարքից դուրս գալու մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը: ԱՄԷ-ն նաև կոչ է արել միջազգային հանրությանը և համաձայնագրի անդամ երկրներին հետևել ԱՄՆ նախագահի դիրքորոշմանը՝ Մերձավոր Արևելքը միջուկային զենքից և զանգվածային ոչնչացման այլ տեսակի զենքերից ազատելու համար:
Մինչդեռ Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ հանձնարարել է միջուկային ոլորտի մասնագետներին պատրաստ լինել անհրաժեշտության դեպքում զարգացնել ատոմային անսահմանափակ արդյունաբերությունը: