Էրդողան. Թուրքիային տարիներ շարունակ ծնելիության վերահսկողություն էին պարտադրում
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ոչ մի մահմեդական ընտանիք չպետք է պլանավորի երեխաների թիվը, գրում է T24 կայքը։
Էրդողանը նման հայտարարություն է արել թուրք արվեստագետներից մեկի հարսանիքին, որտեղ հանդես է եկել որպես փեսայի կողմից վկա։
«Ես մի խոսք ունեմ որպես խորհուրդ։ Ասում են, եթե մեկը լինի՝ տարօրինակ կլինի, երկուսը լինեն՝ մրցակից կլինեն, երեքը լինեն՝ հավասարակշռություն կլինի, չորսը լինեն՝ առատություն կլինի։ Դրանից հետո էլ արդեն՝ Ալլահն ինչպես կամենա։ Ուժեղ ազգերն ուժեղ ընտանիքներից են ստեղծվում», – ասել է Էրդողանը։
Թուրքիայի ղեկավարը նաև պնդել է, որ տարիներ շարունակ ծննդյան վերահսկողության կարևորության մասին քարոզները հատուկ քաղաքական նպատակներ են հետապնդում, և մահմեդականները չպետք է խաբվեն։
«Բնակչության պլանավորում, ծննդյան վերահսկողություն և այլն․․․Ոչ մի մահմեդական ընտանիք չի կարող նման հասկացություններով առաջնորդվել։ Եվ այստեղ առաջնահերթ դերը մայրերինն է»,- նշել է Էրդողանը։