23.11.2024
Մամուլի տեսություն. Ո՞վ է Արդարադատության նախարարի պաշտոնի թեկնածուն
prev Նախորդ նորություն

Պերմյակովը դատապարտվել է 10 տարվա ազատազրկման դասալքության համար

Հինգերորդ կայազորային զինվորական դատարանը ռուս զինծառայող Վալերի Պերմյակովին դատապարտեց 10 տարվա ազատազրկման խիստ ռեժիմի գաղութում։

Պերմյակովին մեղադրանքներ են առաջադրվել ՌԴ ՔՕ 338–րդ հոդվածի 2–րդ մասով, 226–րդ հոդվածի 3–րդ մասի «բ» կետով և 222–րդ հոդվածի 1–ին մասով («դասալքություն», «զենքի հափշտակում» և «զենքի անօրինական կրելը»)։

Դատավորի խոսքով, ամբաստանյալի մեղքն ամբողջովին ապացուցվել է մեղադրանքի բոլոր երեք կետերով։ Դատավճռի հրապարակման ժամանակ դատավորը հայտարարել է, որ դատապարտյալն ամբողջովին ընդունել է իրեն վերագրված հանցագործություննը և հրաժարվել է ցուցմունք տալուց` օգտվելով ՌԴ Սահմանադրության 51–րդ հոդվածի իր իրավունքից։

Դատավորը հայտնել է, որ զորակոչային հանձնաժողովը Պերմյակովին զինվորական ծառայության համար պիտանի է ճանաչել, նա հոգեկան որևէ շեղում չի ունեցել և չունի։
Դատարանը որպես մեղմող հանգամանք հաշվի է առել այն փաստը, որ Պերմյակովն առաջին անգամ է մեղադրվում, մեծացել է բազմազավակ ընտանիքում, կամավոր ցուցմունք է տվել, ինչի կապակցությամբ որոշվել է տուգանք չնշանակել։

Դատարանի որոշմամբ, նախքան Պերմյակովի դատավճռի ուժի մեջ մտնելը, նրան կպահեն կայազորային կալանատանը։ Դատավճիռը կարող է բողոքարկվել 10 օրվա ընթացքում Հյուսիս–Կովկասյան դատարանում։

Պերմյակովի նկատմամբ հարուցվել է նաև քրեական գործ 2015 թվականի հունվարին Գյումրիում յոթ մարդուց բաղկացած ընտանիքի սպանության մեղադրանքով։ Այդ գործն առանձնացվել է առանձին վարույթում և փոխանցվել Հայաստանի քննչական կոմիտեին։ Սպանության գործով դատական նիստի ամսաթիվը հայտնի չէ։