23.11.2024
Սահմանադրությունը փոխվում է մեկ մարդու իշխանությունը պահելու համար. Օսկանյան
prev Նախորդ նորություն

Մամուլի տեսություն. Ո՞վ է Արդարադատության նախարարի պաշտոնի թեկնածուն

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան տպագիր մամուլի տեսությունը, որում ներառված է կարևոր իրադարձությունների մասին ընդգրկուն տեղեկատվություն:

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Արդարադատության նախարարի ամենահավանական թեկնածուն այս պահին ԱԺ պատգամավոր Արփինե Հովհաննիսյանն է, թեեւ ոմանք ավելի հավանական են համարում նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արսեն Մկրտչյանի թեկնածությունը, որն սկսել են քննարկել վերջին շրջանում: Իշխանության վերին օղակներում մտածում են, որ պետք չէ այժմ՝ սահմանադրական բարեփոխումների շեմին, դրսից մարդ բերել նախարարություն՝ հատկապես նման մութ պաշտոնանկությունից հետո: «Արսեն Մկրտչյանը նորմալ, կիրթ, աշխատող տղա է, լավ կապեր ունի, փորձ, պատկերացնում է ոլորտը, կարծում եմ՝ իրեն էլ կնշանակեն»,- ասաց բարձրաստիճան աղբյուրը՝ նկատի ունենալով ապագա ընտրությունների ֆոնին ձեւավորվելիք կոալիցիան ու փոփոխությունները: Նշենք, որ հավանական թեկնածուներից է նաեւ Սամվել Ալեքսանյանի՝ Լֆիկի փեսա Կորյուն Նահապետյանը: Իսկ Արսեն Մկրտչյանը նախկին նախարար Հովիկ Մանուկյանի մանկության ընկերն է, նրա տեղակալ է նշանակվել՝ թողնելով վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավորի պաշտոնը: Աշխատել է նաեւ տնտեսական եւ վճռաբեկ դատարաններում՝ գրասենյակի, աշխատակազմի ղեկավար: Արդարադատության նախարարի նշանակումը ձգձգվում է, քանի որ Սերժ Սարգսյանը գտնվում է արտերկրում՝ կվերադառնա հաջորդ շաբաթ, եւ մինչեւ սեպտեմբեր կլինի նշանակում»:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետ Արթուր Օսիկյանը վերջին շրջանում բավական ակտիվ քարոզչություն է ծավալում: «Ժողովուրդ»-ը արձանագրել է, որ այն բանից հետո, երբ ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը հուլիսի 14-ին պաշտոնանկ արվեց, ՔԿՎ պետը սկսեց աննկատ ակտիվացնել իր գործունեության լուսաբանումը: Ինչպես հայտնի է՝ Արթուր Օսիկյանը համարվում է արդարադատության նախարարի թափուր պաշտոնի հիմնական հավակնորդներից մեկը: Ուստի նման պայմաններում ամենեւին էլ չի կարող պատահական լինել այն փաստը, որ պաշտոնական լրահոսում ամենօրյա պարբերականությամբ սկսել են տեղ գտնել Օսիկյանի այցերի եւ խորհրդակցությունների մասին լուրերը: «ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Սերժ Սարգսյանը դեռ չի կողմնորոշվել նոր նախարարի թեկնածուի հարցում, եւ այդ խնդիրը լուծվելու է նրա արձակուրդից վերադառնալուց հետո»:

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը երեկ մեր թղթակցի հետ զրույցում ոչ հերքել, ոչ էլ հաստատել է տեղեկությունը, թե պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Անդրանիկ Նիկողոսյանից հետ է պահանջել նրան նվիրած անվանական զենքը: Հովհաննիսյանն ասել է, թե ԱՊՀ երկրների երիտասարդական միության խորհրդի նախագահ Անդրանիկ Նիկոդոսյանին Սեյրան Օհանյանի կողմից շնորհված «Անդրանիկ Օզանյան» և «Գարեգին Նժդեհ» մեդալները հետ վերցնելու ընթացակարգ գոյություն չունի: Ինքը Նիկողոսյանը, «Հժ»-ի հետ զրույցում հայտարարել է, որ ՊՆ-ն իրեն նվիրած անվանական զենքը և մյուս անվանական նվերները հետ չի պահանջել, և դրանք գտնվում են իր մոտ: Ինչ վերաբերում է Ազգային ժողովի պատգամավոր Էդմոն Մարուքյանի պահանջին Նիկողոսյանից հետ վերցնել Աժ-ի շնորհած բարձրագույն պարգևը Աժ պատվո մեդալը Հայաստանը Ռուսաստանի կազմ մտցնելու մասին արած հայտարարության համար, Նիկոդոսյանն ասել է, թե ավելի հեշտ է Մարուքյանից մանդատը հետ վերցնել, քան իրենից իր ստացած պարգևները»: