Սահմանադրությունը փոխվում է մեկ մարդու իշխանությունը պահելու համար. Օսկանյան
Հայաստանի արտաքին գործերի նախկին նախարար, ԱԺ պատգամավոր Վարդան Օսկանյանը համոզված է, որ այժմ Հայաստանում սահամանադրական փոփոխությունների կարիք չկա և բերում է տաս պատճառ այդ գործընթացին "ոչ, ասելու համար":
ՀՀ նախագահի նախաձեռնությամբ ձևավորված սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը վերջերս հրապարակեց սահմանադրական փոփոխությունների 1-15 գլուխների նախագծի նախնական տարբերակը: Այն բուռն քննարկումների և մեկնաբանությունների առիթ դարձավ ինչպես սոցիալական ցանցերում, այնպես էլ հանրության շրջանում փորձագետների կողմից:
Ըստ ներկայացված նախագծի՝ Հայաստանում կառավարման ձևաչափը պետք է փոխվի: Նախատեսված է անցում գործող կիսանախագահականից խորհրդարանական համակարգի: Ազգային ժողովը կազմվելու է առնվազն 101 պատգամավորից: ԱԺ-ն ընտրվելու է համամասնական ընտրակարգով 5 տարի ժամկետով: ԱԺ ընտրություններին հաղթած կուսակցությունը, ով ունի «կայուն մեծամասնություն» օրենսդիրում, կազմելու է կառավարություն և ներկայացնելու է վարչապետի թեկնածու: Եթե ընտրությունների արդյունքում որևէ կուսակացություն չի ստացել խորհրդարանական տեղերի մեծամասնությունը, ապա ձայների գերակշիռ մասը ստացած երկու քաղաքական ուժերը գնում են ընտրությունների երկրորդ փուլ՝ «կայուն մեծամասնություն» ձևավորելու համար:
Նախագծով էականորեն կրճատվում է նախագահի լիազորությունները: Նա ավելի շատ սիմվոլիկ դերակատարում է ունենալու: Անգամ օժտված չի լինելու վետոյի իրավունքով, ընտրվելու է անուղղակի՝ ընտրիչերի կողմից 7 տարի պաշտոնավարման ժամկետով։ Այս փոփոխությունները պետք է հաստատվեն հանրաքվեի միջոցով:
Օսկանյանը համոզված է , որ այսօր սահմանադրական փոփոխությունների կարիք, քաղաքական և հասարակական պահանջ չկա: "Հայաստանում չկա և երբեք չի եղել ո՛չ սահմանադրական և ո՛չ էլ քաղաքական ճգնաժամ: 2005-ին, երբ փոփոխվեց Սահմանադրությունը, կա՛ր դրա հրամայականը: Փոփոխվեց նախևառաջ այն պատճառով, որ նոր Սահմանադրությունը պարտադիր պետք է համաձայնեցվեր Եվրոպայի խորհրդի առջև Հայաստանի ստանձնած պարտավորություններին: Երկրորդ, այնտեղ լուծվեց հայ ժողորդի համար կարևորագույն նշանակություն ունեցող երկքաղաքացիության հարցը: Եվ, վերջապես, նվազեցվեցին հանրապետության նախագահի բացարձակ լիազորությունները, դրանց մի մասը սահմանադրորեն անցավ խորհրդարանին և կառավարությանը", - վաստահ է քաղաքական գործիչը:
Որպես երկրորդ պատճառ պատգամավորը նշում է, որ գործող հիբրիդային Սահմանադրությունը պատշաճ կիրառության և արդար ընտրությունների պարագայում Հայաստանի համար ճիշտ տարբերակն է: "Այն, մի կողմից պարունակելով պառլամենտարիզմի տարրերը, կարող է նպաստել Հայաստանի ժողովրդավարության ամրապնդմանն ու տնտեսական զարգացմանը, մյուս կողմից՝ պարունակելով նախագահի լայն լիազորություններ, կարող է երաշխավորել համարժեք արձագանքը արտաքին մարտահրավերներին", - նշում է նա:
Բացարձակապես բարենպաստ չէ Սահմանադրության արմատական փոփոխության համար, սը Օսկանյանի նաև քաղաքական մթնոլորտը: "Չկա բավարար համախմբում այդ գաղափառի շուրջ: Կառավարման համակարգի արմատական փոփոխության համար շատ ավելի մեծ քաղաքական, քաղաքացիական և հասարակական համախմբում է անհրաժեշտ: Այսօր այդ գաղափարի շուրջ իրական որևէ համախմբում չկա", - վստահ է Վարդան Օսկանյանը:
Ըստ նախկին ԱԳՆ ղեկավարի՝ սահմանադրական խորհրդարանական համակարգի անցման համար Հայաստանում քաղաքական կուսակցությունները դեռևս բավարար չեն կայացել, որպեսզի դառնան կառավարման համակարգի գլխավոր և միակ խարիսխը: Մյուս կողմից, հավելում է նա, իշխող քաղաքական ուժը, որը համակարգի փոփոխության գլխավոր նախաձեռնողն է, օրինակարգության շատ լուրջ դեֆիցիտ ունի, որը մեծ ստվեր է գցում սահմանադրական փոփոխությունների ամբողջ գործընթացի վրա:
"Բացարձակ վստահություն չկա քվեարկության համակարգի նկատմամբ: Այդ իսկ պատճառով հանրաքվեի արդյունքները, անկախ դրա ելքից, կասկածի տակ են դրվելու: Ակնհայտ է, որ այս ամենն արվում է մեկ մարդու, մեկ քաղաքական ուժի՝ իշխանությունը պահելու հավակնությունները բավարարելու համար", - կարծում է նա:
Այն, ինչ ներկայացվել է որպես սահմանադրական փոփոխությունների նախագիծ, ըստ պատգամավորի, լի է հակասություններով և վտանգներով: "Օրինակ. Հայաստանի քաղաքական համակարգի գլխավոր չարիքը՝ կայուն մեծամասնության երաշխավորումը՝ լինի դա ընտրության երկրորդ փուլով, թե բոնուսային տարբերակով, փաստացի սահմանադրական նորմ է դառնում: Խորհրդարանի ձայների՝ 2/3-ով Սահմանադրության փոփոխության հնարավորությունը: Զինված ուժերի գլխավոր հրամանատարի անձի շուրջ անորոշ ձևակերպումները:
100 տոկոսանոց համամասնական ընրակարգի անցնելու քողի տակ Ընտրական օրենսգրքի հնարավոր այնպիսի փոփոխությունը, որը կամրագրի քվեարկության ռեյտինգային դրույթը՝ գործնականում դառնալով 100 տոկոսանոց մեծամասնական համակարգ", - թվարկում է Վարդան Օսկանյանը:
Հայաստանը, համոզված է Օսկանյանը, միակն է նախկին խորհրդային հանրապետություններից, ներառյալ բալթյան երկրները, որը փորձում է անցում կատարել խորհրդարանական նման կառավարման համակարգի: Վրաստանը հիբրիդային համակարգ ունի, մոտավորապես այնպիսին, ինչպիսին Հայաստանի այսօրվա համակարգն է: Մեզ առաջարկվող համակարգի նմանը չկա նաև տարածաշրջանի մյուս երկրներում: Թուրքիան նույնպես հիբրիդային համակարգ ունի, որտեղ հանրապետության նախագահն ընտրվում է ուղղակիորեն ժողովրդի կողմից:
"Լղոզված, ոչ կուռ կառավարման նման համակարգը, որտեղ երկրի առաջին դեմքը համարվելու է որևէ լիազորություն չունեցող և ժողովրդի կողմից չընտրված նախագահը, իսկ գործադիր լիզորություններով օժտված վարչապետն ամբողջական կախվածության մեջ է լինելու իր կուսակցությունից և նրա ղեկավարից, էապես կթուլացնի ապագայում հնարավոր արդյունավետ արտաքին քաղաքականություն վարելու հնարավորությունը", - եզրակացնում է նա: