Ովքե՞ր են հավակնում պաշտոններ ստանալ Նիկոլ Փաշինյանի կառավարությունում
Նիկոլ Փաշինյանի ապագա կառավարությունը (եթե մայիսի 8-ին նա ընտրվի ՀՀ վարչապետ), կարծես, ուրվագծվում է:
Ելք խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը Facebook-յան իր էջում նոր անուն է հնչեցրել` չբացառելով, որ հնարավոր է, որ ներկայիս իշխանությունը ներկայացնող անձը տեղ գտնի նաև իշխանափոխությունից հետո. «Ընկերներս անդադար գրում են՝ Ֆելիքս Ցոլակյանին նշանակեք ԱԱԾ ղեկավար։ Նախ՝ մեծագույն հարգանքներս իրեն։ Մեծագույն։ Երկրորդ։ Կդիտարկենք, ժողովուրդ ջան, անպայման կդիտարկենք»,- գրառել է նա:
Հիշեցնենք, Ֆելիքս Ցոլակյանը ՀՀԿ խմբակցությունից միակ պատգամավորն էր, որ մայիսի 1-ին վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը կողմ քվեարկեց: ԱԱԾ տնօրենի նախկին տեղակալ, Շիրակի նախկին մարզպետ և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի վերահսկողական ծառայության նախկին ղեկավար Ֆելիքս Ցոլակյանը պարզաբանել էր. «Հարգելի հայրենակիցներ, ես քվեարկել եմ ժողովրդի թեկնածուի օգտին՝ իմ խղճի թելադրանքով»:
Հիշեցնենք, ավելի վաղ Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը Պաշտպանության նախարարի հիանալի թեկնածու է:
Ի դեպ, VERELQ-ի տեղեկություններով, չի բացառվում, որ գործարար Խաչատուր Սուքիասյանը ևս բարձր պաշտոն ունենա ոչՀՀԿ-ական կառավարությունում: Քննարկումներում հաճախ հնչում է նաև ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի անունը ևս: Նոր անուններ էլ կլինեն, բայց հանրությանը նաև հայտնի գործիչներ պաշտոն կստանան: