ՀՀ–ում ստեղծված լարված ներքաղաքական իրավիճակը պետք է հանգուցալուծվի խաղաղ, սահմանադրական ճանապարհով` երկիրը պետք է զերծ մնա բախումներից։ «Թավշյա հեղափոխության» առաջնորդները` հմուտ քաղաքական գործիչները, ՀՀ հայրենասեր քաղաքացիները պետք է գիտակցեն խոշոր բախումների հետևանքները թե’ երկրի համար, թե’ Ղարաբաղում նոր ճակատի բացման հնարավորություն Բաքվին չտալու տեսանկյունից։
Ադրբեջանն այս օրերին պահպանում է շատ տարօրինակ, նրա համար ոչ ավանդական լռություն, որը կարող է նշանակել ոչ այլ ինչ, քան խոշոր ռազմական գործողության նախապատրաստություն։
Ադրբեջանը դասեր է քաղել սեփական պատմությունից. 1990-ականների սկզբին երկրում տիրում էր անիշխանություն, միմյանց էին փոխարինում նոր կառավարություններ, Ադրբեջանը գտնվում էր պետական, քաղաքական կոլապսի պայմաններում, երկրի ծայրամասերում գլուխ էին բարձրացրել անջատողական շարժումները` լեզգիններ, թալիշներ և այլն։ Բարդ ներքաղաքական իրավիճակում նրանք չկարողացան համախմբվել, կենտրոնացնել ողջ ռազմաքաղաքական ռեսուրսը ղարաբաղյան ճակատում ու պարտվեցին հայկական ուժերի պրոֆեսիոնալիզմին, անձնազոհությանն ու Հայաստան–Արցախ–Սփյուռք համախմբմանը` կորցնելով Լեռնային Ղարաբաղն ու նրա շուրջ գտնվող շրջանները։ ՀՀ–ն այսպիսի բարդ ներքաղաքական, համաժողովրդական շարժման ֆոնին կառավարության հրաժարականի ու պետական ապարատի գրեթե կոլապսային վիճակով չի անցել, չունի այդպիսի փորձ և այժմ երկիրն անցնում է բարդ ստուգատես` մնում է «թավշյա հեղափոխության» արդյունքում չկանխորոշվի Ղարաբաղի ճակատագիրը։
Ադրբեջանը, ըստ ԶԼՄ–ներում տեղ գտած տեսանյութերի ու փորձագետների կարծիքների, մեծ հարվածային ուժեր է կենտրոնացրել ղարաբաղյան հատվածում։ Բաքուն սպասում է ՀՀ–ում քաղաքական իրավիճակի սրում` մինչև քաղաքացիական բախումների ու արտակարգ դրության մտցնելու աստիճան, որպեսզի զորքերը զբաղված լինեն երկրի ներսում, Երևանում հարյուր հազարանոց ցույցերի ցրման կամ կարևորագույն օբյեկտների պաշտպանությամբ, որպեզի երկրորդ ճակատ բացեն Ղարաբաղում։
ՀՀ–ի զինված ուժերի ապակենտրոնացումը Երևանում, մարզերում չի կարող թույլ տալ օպերատիվ կերպով իրականացնել զորքերի տեղափոխություն Ղարաբաղ: Բաքուն այժմ սպասում է այս օրերին «թավշյա հեղափոխության» հանգուցալուծմանը` կա’մ ՀՀ–ում գործընթացները գնում են սահմանադրական ճանապարհով, ընտրվում է համաժողովրդական վստահություն վայելող կառավարություն, կա’մ գնում է զինված ընդհարում ցուցարարների ու ոստիկանական ուժերի միջև։
Ինչ վերաբերվում է հայաստանյան ներքաղաքական իրավիճակի աշխարհաքաղաքական կոնտեքստին, ապա չպետք է մոռանալ Թուրքիայի գործոնը։ Օրերս տեղի ունեցավ Էրդողան–Ալիև հանդիպումն ու կողմերը բազմաթիվ հարցեր են քննարկել ու չի բացառվում եղել են պայմանավորվածություններ նաև Ղարաբաղի հարցով։
Անկարան ցանկանում է Սիրիայում ռուսական ազդեցության չեզոքացման հետ մեկտեղ ապակայունացումը սիրիական թատերաբեմից տեղափոխել ՌԴ–ի սահմանների երկայնք ու Մոսկվայի համար կենսական շահերի տարածք համարվող Հարավային Կովկաս։ Հարավային Կովկասի «պայթեցման» համար լավագույն դետոնատորը կարող է լինել հենց ղարաբաղյան ճակատը` Անկարան ադրբեջանական «ձեռքերով» ցանկանում է հանգուցալուծել ղարաբաղյան հարցը ռազմական ճանապարհով։ ՌԴ–ն պետք է օպերատիվ արձագանքի այս իրավիճակին, սակայն ՀՀ–ում «թավշյա հեղափոխությունը» նոր իրավիճակ ու կարծես անիշխանություն է ստեղծում` Մոսկվան ո՞ւմ վրա պետք է հենվի ՀՀ–ում, որպեսզի «հակահարված» տա թուրք–ադրբեջանական տանդեմի գործողություններին։
Ղարաբաղի համար պայքարելու, ռազմական գործողություններ են մղելու միայն հայկական զինված ուժերը` ռուսական զորքը Ղարաբաղի համար չի պատերազմելու. Մոսկվան բազմաթիվ անգամ հայտարարել է իր պարտավորությունների մասին միայն ՀՀ–ի այսօրվա միջազգայնորեն ճանաչված սահմանների անվտանգության ու դաշնակցին պաշտպանելու մասին։
ՌԴ–ի սահմանների երկայքնով «ապակայունացման գոտու» ստեղծումը բխում է Թուրքիայի ու նրա արևմտյան հովանավորների շահերից: Ավելի լայն կոնտեքստում Արևմուտք–ՌԴ «սառը պատերազմը» կարող է «թեժանալ» առանձին վերցված տարածաշրջաններում տարածաշրջանային խաղացողների, այս պարագայում` Թուրքիայի ու նրա Հարավային Կովկասի «փոքր եղբայր» Ադրբեջանի օգնությամբ։
Այս աշխարհաքաղաքական ու հայաստանյան ներքաղաքական բարդ իրավիճակը պետք է հաշվի առնեն թե փողոցը «կառավարող», «թավշյա հեղափոխության» լիդերները` նրանք պետք է իրենց ցուցաբերեն որպես հասուն, պատասխատանու քաղաքական գործիչներ ու ՀՀ–ի հայրենասեր քաղաքացիներ, ինչպես նաև գործող կառավարությունը, որն այս պահի դրությամբ զինված ուժերի հրամանատարն է ու Արցախի անվտանգության երաշխավորը, որպես պետություն։