Ազգային հարցը դանդաղեցված գործողությամբ ռումբ է թուրքական պետության հիմքերի տակ և խոսքը առաջին հերթին քրդական հարցի մասին է: Սա շատ լուրջ և երկարաժամկետ գործոն է: Այդ մասին EADaily-ին տված հարցազրույցում նշել է Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը:
Վերջերս Թուրքիայի Սուրուչ քաղաքում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո Թուրքական օդուժը սկսել է ակտիվ գործողություններ Սիրիայում մարտնչող քրդերի և "Իսլամական պետության" մարտկների դեմ: Կոշտ ռազմաքաղաքական ճնշման են ենթարկվում նաև Քրդական բանվորական կուսակցության կողմանկիցները հենց Թուրքիայի տարածքում, ինչը շատերին հիմք է տալիս պնդելու, որ Թուրքիան ԻՊ-ի դեմ պայքարի քողի տակ որոշել է լուծել քրդական հարցը:
«Իրավիճակից դուրս գալու ելքերը կարող են տարբեր լինել: Շատ բան կախված է Արևմուտք-Արևելք գլոբալ հակամարտությունից: Մենք այսօր կարող ենք ֆիքսել տնտեսական, քաղաքական և որոշ իմաստով նաև ռազմական ներուժի ծանրության կենտրոնի տեղաշարժ Արևմուտքից դեպի Արևելք՝ Ասիա: Անգամ իրենք՝ ամերիկացիներ են նշում, որ գլոբալիզացիայի գործընթացն արդեն ունի ոչ թե եվրոպական, արևմտյան դեմք, այլ ասիական: Այս առումով ԱՄՆ-ը հետաքրքված է քրդական գործոնի ուժեղացմամբ, որպես Թուրքիայի վրա ճնշման լծակի, սակայն դա չի նշանակում, որ Վաշինգտոնը լիովին կողմ է միասնական քրդական պետության ստեղծմանը: Սական այդ գործընթացը այլևս անհնար է հստակ վերահսկել»,-նշել է Հարությունյանը:
Ինչպես նկատել է պաշտպանության նախկին նախարարը, Անկարան երկար տարիներ ցանկանում էր պահպանել երկրի միասնականությունը ուժային ճանապարհով: Եվ պատահական չէ, որ Թուրքիայի սահմանդրության մեջ նշվում է, որ Թուրքիայում բնակվում են միայն թուրքեր:
«Սակայն ակնհայտ է, որ վերահսկողության ուժային մեթոդը խնդիրներ է առաջացնում: Այս առումով կարելի է ամեն ինչ սպասել, անգամ ցեղասպանություն քրդերի հանդեպ: Թուրքիայի թուլացումը, որը Հայաստանին պահում է շրջափակման մեջ, իսկ դա պատերազմի էլեմենտ է, Երևանին ձեռնտու է»,-նշել է նախկին նախարարը: Պատասխանելով միասնական Թուրքիայի կազմաքանդման հնարավորության և դրանից ծագած Հայաստանի համար բացասական հետևանքների մասին՝ Հարությունյանն ասաց, որ եթե անգամ դեպքերն այդպես զարգանան, ապա ՌԴ-ի գործոնը, հայկական բանակը և այստեղ ռուսական ռազմակայանի առկայությունը կարող են այդ ամենը չեզոքացնել:
«Սակայն Թուրքիան այսօր կրիտիկական վիճակում չէ: Այսօր Թուրքիայի կողմից Հայաստանի անվտանգության նկատմամբ սպառնալիքը առկա է: Իսկ Թուրքիայի կազմաքանդման և հետագա գործընթացները հեռավոր ապագայի հարցեր են: Կարծում եմ, որ այսօրվա Թուրքիայից բխող վտանգը ավելի մեծ է, քան այն պոտենցիալ վտանգը, կապված Թուրքիայի՝ որպես պետության կազմաքանդման հետ», - հավելել է Հարությունյանը: