23.11.2024
Մինսկը «Պոլոնեզ» համակարգեր վաճառում Բաքվին, բարձրացնել խնդիրն ՀԱՊԿ-ո՞ւմ, թե՞ ոչ
prev Նախորդ նորություն

Ղարաբաղի անվտանգությունն` առաջնահերթություն

ԼՂՀ ՊԲ–ն հերթական տեսանյութն է հրապարակել, որտեղ երևում է ադրբեջանական զինուժի տեղաշարժ դեպի առաջնագիծ։ Այս օրերին ՊԲ–ն մի քանի անգամ ներկայացրել է տեսանյութեր, որտեղ ֆիքսված է ինչպես է Բաքուն` ելնելով այս օրերին Երևանում ու ՀՀ–ի մի շարք քաղաքներում տեղի ունեցող զանգվածային բողոքի ցույցերի ֆոնին փորձում օգտվել ներքաղաքական լարվածությունից և Ղարաբաղում գնալ նոր արկածախնդրության, սադրանքների, իսկ հնարավորության դեպքում` լայնածավալ ռազմական գործողությունների։


ՀՀ–ում այսպես կոչված «թավշյա հեղափոխությունից» հետո Նիկոլ Փաշինյանն ու նրա գլխավորած շարժման այլ լիդերներ պետք է ադեկվատ արձագանքեն ՊԲ–ի հրապարակումներին ու գիտակցեն, որ հասարակության ներսում լարվածության նոր աստիճանի բարձրացումն ուղիղ և անմիջականորեն կարող է սպառնալ Արցախի ու ՀՀ–ի ազգային անվտանգության ու տարածքային ամբողջականությանը, Ղարաբաղում ժողովրդի ֆիզիկական գոյությանն` առհասարակ։

Եթե մինչև կառավարության հրաժարականը ցույցի ղեկավարները կարող էին այդ տեսանյութերի տակ տեսնել ցուցարարների ուշադրությունը դեպի Ղարաբաղ շեղելու կամ «արտաքին թշնամու» ու արտաքին վտանգի մասին լուրեր տարածելու իշխանության որդեգրած տեխնոլոգիա, ապա ապրիլի 24-ին, երբ կառավարությունն ու Սերժ Սարգսյանը հրաժարական են տվել չպետք է անտեսել ղարաբաղյան ճակատում ձևավորվող ադրբեջանական զինուժի հարվածային խմբավորման, ռազմական բռունցքի ձևավորման վտանգավոր երևույթները։

Նիկոլ Փաշինյանը, որպես պատասխանատու քաղաքական գործիչ ու «թավշյա հեղափոխության» առաջնորդ Ղարաբաղի շուրջ ստեղծվող իրական վտանգի պայմաններում պետք է հանդես գա հստակ հայտարարությամբ`Ղարաբաղի դեմ պատերազմի վերսկսման պայմաններում ինչպիսին պետք է լինի ՀՀ–ի արձագանքը, երբ այսօր երկրում փաստացի անիշխանություն է, քաղաքական կոլապս ու անհրաժեշտ է ազգի, հասարակության բոլոր շերտերի միավորում հանուն հայ ժողովրդի անվտանգության ու Ղարաբաղի, ՀՀ–ի սահմանների պաշտպանության։

Ազգային մոբիլիզացիան` արտաքին հակառակորդի իրական սպառնալիքների ֆոնին, պետք է դառնա շարժման առաջնորդների առանցքային կոչերից մեկը` չի կարելի խուսափել, չտեսնելու տալ հետախուզական այն տեղեկությունները, որոնք տեսանյութերի տեսքով հրապարակել է ԼՂՀ–ի ՊԲ–ն։

Կառավարության հրաժարականի պայմաններում իշխանության համար տրամաբանական չէ ֆեյք տեսանյութեր հրապարակել սահմանից` հասարակությանը «Ղարաբաղում պատերազմով» վախեցնելու համար։

Նիկոլ Փաշինյան–Կարեն Կարապետյան բանակցությունների օրակարգ պետք է բերել նաև Ղարաբաղում ստեղծված այսօրվա իրավիճակի`պատերազմի վերսկսման իրական վտանգի պայմաններում անիշխանության ու ներքին հակասություններից զերծ մնալու գաղափարը։

Ղարաբաղի անվտանգությունն ու հայ ժողովրդի ֆիզիկական գոյությունը պետք է լինեն առաջնային ու զոհ չդառնան մանր, թեկուզ կարևոր ներքաղաքական հարցերին։

Մենք հանուն արագ իշխանափոխության իրավունք չունենք անտեսել Ղարաբաղի գլխին կախված իրական վտանգը`անհրաժեշտ է հանդես գալ այս հարցի վերաբերյալ հստակ, արագ ու համազգային շահերից բխող հայտարարություններով`թե հեղափոխությունն իրականացնող ուժերի, թե կառավարության կողմից։