23.11.2024
Ղարաբաղի անվտանգությունն` առաջնահերթություն
prev Նախորդ նորություն

«Խնդիրը մեր մեջ էր, ԲՀԿ-ն էլ կաջակցի». Կարեն Կարապետյանը կառաջադրվի վարչապետի թեկնածու

Ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի եւ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի բանակցությունները չեն կայանա: Այս մասին արդեն պաշտոնապես հայտարարել է Կարեն Կարապետյանի մամուլի խոսնակը:


Որպես բանակցությունների չկայացման պատճառ պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է այն, որ «Փաշինյանը շարունակում է օրակարգ թելարդրել», իսկ լրատվամիջոցների ներկայությամբ բանակցությունների «անցկացումը վարչապետի պաշտոնակատարը գնահատել է, որ բանակցությունների նպատակը որևէ արդյունք արձանագրելը չէ»:


«Այդ իսկ պատճառով մասնակցել «բանակցությունների», որոնք լուծումներ գտնելու հավանականություն չունեն, վարչապետի պաշտոնակատարը համարում է անհեռանկարային», - ասված է հայտարարության մեջ:


Մեւնույն ժամանակ VERELQ-ի աղբյուրներն իշխանական շրջանակներում հայտնում են, որ այժմ Հանրապետական կուսակցությունն ընդգծված կերպով կոշտացնելու է իր դիրքորոշումն ընդդիմության հետ հարաբերություններում:


«Վերջին օրերին երկրում խառնաշփոթ իրավիճակը հիմնականում պայմանավորված էր ՀՀԿ-ի ներսում վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո ստեղծված խուճապով ու խժդժություններով: Այդ իսկ պատճառով շատերը կարծում էին, որ ամեն ինչ ավարտվեց եւ ՀՀԿ-ն հանձնում է իշխանությունը: Բանն այն էր, սակայն, որ ՀՀԿ-ի ներսում շատ ազգեցիկ մարդիկ կան, որ ոչ մի կերպ չէին ցանկանում ընդունել Կարեն Կարապետյանին որպես առաջնորդ, քանի որ նրանից վախենում էին: Դրանք հիմնականում երիտասարդ հանրապետականներն ու օլիգարխիայի մի մասն է:


Ըստ այդմ, նրանք պատրաստ էին անգամ գնալ Նիկոլ Փաշինյանի մոտ, որոշակի երաշխիքներ ստանալ ու աջակցել նրան, միայն թե չընդունել Կարեն Կարապետյանին որպես առաջնորդ եւ երկրի ղեկավար», - նշում են մեր աղբյուրները ու հավելում, որ ապրիլի 25-ի գիշերը Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո հնարավոր է եղել ներկուսակցական կրքերը հանդարտեցնել եւ կանխել կուսակցության ներքին փլուզման գործընթացը:


Կարապետյանի դիրքորոշման կոշտացման մյուս պատճառ մեր աղբյուրը նշում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցը, եւ հատկապես շեշտադրում այդ զրույցի այն մասը, որտեղ հղում է կատարվում «2017թ. ապրիլին կայացած լեգիտիմ խորհրդարանական ընտրությունների արդյունքներին»:


«Ընդգծվել է, որ Հայաստանում ճգնաժամային իրավիճակի կարգավորումը պետք է տեղի ունենա բացառապես իրավական դաշտում, գործող Սահմանադրության շրջանակներում և 2017թ. ապրիլին կայացած լեգիտիմ խորհրդարանական ընտրությունների արդյունքների հիման վրա: Այդ համատեքստում ընդգծվել է ՀՀ ԱԺ-ի կողմից ս.թ. մայիսի 1-ին Հանրապետության վարչապետի ընտրության կարևորությունը», - ասված է Կարապետյան-Պուտին հեռախոսազրույցի արդյունքում տարածված հաղորդագրության մեջ:


«Մենք ունենք Ռուսաստանի հստակ աջակցությունը, իսկ կուսակցության ներսում իրավիճակը կայուն է», - նշում է մեր աղբյուրն ու հավելում, որ արդեն որոշում կա մայիսի 1-ի ԱԺ-ի նիստում վարչապետի պաշտոնում առաջադրել Կարեն Կարապետյանի թեկնածությունը, ինչին, իհարկե, Նիկոլ Փաշինյանը դեմ է:


Այժմ ամեն ինչ, նշում է մեր աղբյուրը, կախված է Փաշինյանի գլխավորած շարժման հզորությունից: «Վերջին երկու օրերի հանրահավաքները ցույց տվեցին, որ անգամ ԲՀԿ-ի ու այլ քաղաքական ուժերի բացահայտ աջակցության պայմաններում, մարդկանց քանակը գնալով նվազում է: Մարդիկ հիմնականում դեմ էին Սերժ Սարգսյանի վարչապետությանը, ու նա հրաժարական տվեց: Շատերը դրանով բավարարվեցին: Եթե այս միտումը շարունակվեց, ՀՀԿ-ն մայիսի 1-ին հաստատ առաջադրելու է Կարապետյանի թեկնածությունը», - նշում է նա:


Հանրապետականում նաեւ վստահ են, որ շարժման թափի անկման պարագայում, անգամ ԲՀԿ-ից շատ պատգամավորներ կողմ են քվեարկելու վարչապետի պաշտոնում Կարեն Կարապետյանի թեկնածությանը:


Հիշեցնենք` Երևանում 11 օր տևած բողոքի ակցիաներից հետո երեկ` ապրիլի 23-ին, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց։ Օրեր շարունակ տասնյակ հազարավոր մարդիկ ցույցերի էին դուրս եկել` բողոքելով Սերժ Սարգսյանի իշխանության երկարացման դեմ (2008 թվականից նա ղեկավարում էր երկիրը որպես նախագահ, իսկ ապրիլի 17-ին խորհրդարանն ընտրել էր նրան որպես վարչապետ ու պետության փաստացի ղեկավար)։


ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ընդունեց նաև կառավարության հրաժարականը։ Այս պահին կառավարության ղեկավարի պարտականություններն ժամանակավոր իրականացնում է Կարեն Կարապետյանը։


Նախարարները շարունակում են աշխատել ժամանակավոր պաշտոնակատարների կարգավիճակով։ Նոր վարչապետի ընտրություններն ԱԺ-ում նախատեսվում են մայիսի 1-ին։