ՀՀ–ում «թավշյա հեղափոխությունը» աստիճանաբար վերածվում է «սևերի/սպիտակների» կամ «յուրայինների/թշնամիների» պայքարի ու տարանջատման. բոլոր նրանք, ովքեր իշխանության, գործող կառավարության անդամ են, աջակից, ՀՀԿ–ի անդամ կամ ուղղակի դեռևս ցույցերին չմիացողները համարվում են «սև», իսկ բոլոր նրանք, ովքեր պայքարում են փողոցում, մասնակցում զանգվածային բողոքի ակցիաների` «սպիտակ»։
Այսպիսի բաժանումը ՀՀ–ում շատ վտանգավոր է, նմանատիպ կոդերի ներդրումը հայաստանյան խաղաղ իրադարձությունները կարող են տեղափոխել քաղաքացիական պատերազմի ոլորտ` հայկական հասարակության մի հատվածի թշնամացում մյուս հատվածի նկատմամբ։
Պառակտել հասարակությունը ղարաբաղյան հակամարտության չկարգավորված լինելու պայմաններում ու ունենալով այսպիսի բարդ աշխարհաքաղաքական իրավիճակ տարածաշրջանում արկածախնդրություն է, որը կարող է թանկ նստել ազգի բոլոր հատվածների համար` անկախ կուսակցական պատկանելիությունից։ Ղարաբաղում պատերազմի դեպքում առաջնագծում են լինելու բոլորը` հայրենասեր բոլոր ուժերն ընդդիմությունից, իշխանական հատվածից, Սփյուռքից ու ոչ քաղաքականացված հատվածներից։
Սեփական երկրում ներքին թշնամիներ, 5–րդ շարասյուններ փնտրելը շատ վտանգավոր է ու կարող է հանգեցնել անկանխատեսելի հետևանքների` տեղերում քաղաքական ինքնադատաստանների. ատելության մակարդակը մայիսի 1-ին ԱԺ–ում նոր վարչապետի ընտրությանն ընդառաջ հասել է ծայրաստիճան բարձր մակարդակի։ Ստեղծվում են արհեստական բաժանարար գծեր` «ով մեր հետ չէ` նա մեր դեմ է» բանաձևով։
«Թավշյա հեղափոխության» խաղաղ, անցնցում ու համակարգային փոփոխությունները պետք է իրականացվեն անարյուն. Ադրբեջանն այս օրերին կասկածելի վտանգավոր լռություն է պահպանում, Բաքուն սպասում է իրադարձությունների լարում, ընդհուպ մինչև քաղաքացիական պատերազմ ու բախում` Ղարաբաղում ռազմական գործողություններ սկսելու համար։
Այսպիսի ներքաղաքական մթնոլորտում, պետական ինստիտուտների ու կառավարման համակարգի կոլապսի պայմաններում անհնար կլինի ժամանակին ու օպերատիվ կերպով արձագանքել արտաքին մարտահրավերին։
Ազգը կրկին անգամ մեկ բռունցք դարձնելը, ինչպես դա եղավ ապրիլյան պատերազմի օրերին, այսքան փոխադարձ թշնամանք ու անվստահություն սերմանելուց հետո կլինի ծայրաստիճան բարդ։
Հայ ժողովուրդն իրավունք չունի բաժանարար գծեր անցկացնելու երկրի ներսում, «սևերի/սպիտակների» բաժանումն տանելու է բախման` կուսակցական պատկանելիության համար հալածանքներն ու պիտակավորումը, կյանքին սպառնալն ու ընտանիքներին թիրախավորելն անընդունելի է։
«Թավշյա հեղափոխության» առաջնորդ Նիկոլ Փաշինյանն էլ բազմաթիվ անգամ շեշտել է, որ ՀՀ–ում ներքին թշնամանքի էջը փակված է` վենդետաներ ու կադրային ջարդ չի լինելու։