Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունը միջազգային մի շարք լրատվական միջոցների ուշադրության կենտրոնում է հայտնվել: Սերժ Սարգսյանի հրաժարականի մասին տեղեկատվությունը գրեթե կայծակնային արագությամբ տարածվել է համաշխարհային մամուլում: Դրա մասին են գրում այնպիսի հեղինակավոր ԶԼՄ-ներ, ինչպիսիք են Al Jazeera-ն, EADaily-ն, Associated Press-ը, The Telegraph-ը, The Guardian-ը, Washington Post-ը, BBC-ն, Politico-ն, rt.com-ը եւ տասնյակ այլ լրատվամիջոցներ:
Սերժ Սարգսյանի հրաժարականին են անդրադարձել նաեւ մեր հարեւան երկրների հեղինակավոր լրատվական միջոցները, մասնավորապես Hurriyet daily news-ը, Fars լրատվական գործակալությունը, ադրբեջանական մի շարք կայքեր, ինչպես նաեւ Վրաստանի հանրային հեռուստաընկերությունը, որն այս օրերին լուսաբանում էր իրադարձությունները Երեւանից, գրում է arimtimes.com-ը:
Բոլոր այն լրատվականները, որոնք չեն սահմանափակվել մեկ տողանի հաղորդագրությամբ, իսկ այդպիսիք օբյեկտիվորեն քիչ են, անդրադարձել են վերջին 11 օրերին Հայաստանում ընթացող բողոքի ցույցերին եւ հայտարարված թավշյա հեղափոխությանը: Մի քանի լրատվամիջոցներ ավելի խորքային վերլուծություն են կատարել՝ փորձելով ներկայացնել բողոքի ալիքի եւ հաղթանակած հեղափոխության պատճառները:
The Guardian-ը, անդրադառնալով Սերժ Սարգսյանի հրաժարականին, մեջբերում է հրաժարականի տեքստից մի հատված.
«Փողոցի շարժումն իմ պաշտոնավարման դեմ է։ Ես կատարում եմ ձեր պահանջը»:
The Guardian-ը անդրադարձել է նաեւ հրաժարականին նախորդած երթերից մեկին միացած «հարյուրավոր համազգեստավոր անզեն զինվորականներին»: Պարբերականը նաեւ նշում է, որ սա վերջին տարիներին Հայաստանի ամենազանգվածային բողոքի ալիքն էր:
EADaily-ն գրում է, որ զանգվածային բողոքի ակցիաների ճնշման ներքո Սերժ Սարգսյանը «ընդունել է իր սխալը եւ հրաժարական տվել»: Լրատվականը գրեթե ամբողջությամբ ներկայացրել է հրաժարականի տեքստը: Նշվել է, որ այս որոշումը կայացվել է Սերժ Սարգսյանի, Կարեն Կարապետյանի, Արմեն Սարգսյանի եւ Արցախի նախագահ Բակո Սահակյանի հանդիպումից հետո, ինչպես նաեւ որ դրանից հետո ազատ են արձակվել ընդդիմության առաջնորդները:
BBC-ն անդրադարձ է կատարել հայկական բողոքի ալիքի պատճառներին: Բրիտանական հեղինակավոր լրատվամիջոցը ներկայացրել է Սերժ Սարգսյանի ուղին դեպի վարչապետություն եւ նշել, որ բողոքի հիմնական պատճառը դա էր:
BBC-ն անդրադարձել է նաեւ Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովի հայտարարությանը, որը նշել էր, որ Հայաստանը «խիստ կարեւոր է Ռուսաստանի համար»:
Լրատվականը զրուցել է նաեւ Սերժ Սարգսյանի մամլո խոսնակ Հովհաննես Նիկողոսյանի հետ։ Այդ զրույցում Նիկողոսյանը նշել է, որ Սարգսյանը պատասխանատու վարք է դրսեւորել եւ կատարել է փողոցի շարժման պահանջը: «Կարծում եմ, նրա հրաժարականը գործող ժողովրդավարության ակնհայտ դրսեւորում է: Այնպես չէ, որ աշխարհի ցանկացած վայրում, ցանկացած ցույց բերում է իշխանության հրաժարականի», - BBC-ի հետ զրույցում ասել է Նիկողոսյանը:
Ռուսական լրատվամիջոցներից գրեթե բոլորը անդրադարձել են այս թեմային: Թե՛ համացանցում, թե՛ հեռուստատեսությամբ ռուսական ԶԼՄ-ները հայտնել են Սերժ Սարգսյանի հրաժարականի մասին:
Որոշակի վերլուծության փորձ արվել է Sputnik ռադիոյի եթերում: Sputnik-ի հետ զրույցում փորձագետ Կոնստանտին Տասիցը շատ մակերեսային կերպով ներկայացրել է իր կարծիքը Հայաստանում տիրող իրավիճակի մասին: Ըստ երևույթին, նա ուղղակի սխալ պատկերացում ունի Սարգսյանի հրաժարականին հաջորդող իրադարձությունների վերաբերյալ: Նա հաջորդ վարչապետ է տեսնում Կարեն Կարապետյանին, հիմնվելով նրա վրա, որ Հանրապետական կուսակցությունը շարունակում է մեծամասնություն մնալ խորհրդարանում:
Mk.ru-ի թղթակից Արթուր Ավակովը, որը ավելի վաղ շտապել էր հայաստանյան իրադարձությունները համեմատել «Եվրոմայդանի» հետ, այս անգամ ավելի սթափ է գնահատել իրավիճակը: Ավակովի հոդվածում ակնհայտորեն զգացվում է մտավախություն, որ «Երեւանի եւ Մոսկվայի հարաբերությունները կարող են փչանալ»:
Ռուսական լրատվամիջոցները հիմնականում սահմանափակվել են պաշտոնական տեղեկատվության փոխանցմամբ՝ հավանաբար սպասելով բարձրագույն պաշտոնական արձագանքին:
Ընդհանուր առմամբ զգացվում է հստակ տարբերություն արեւմտյան եւ ռուսական լրատվամիջոցների տրամադրվածության մեջ: Արեւմտյան լրատվականները միտված են մեկնաբանել հեղափոխությունը որպես ժողովրդավարության հաղթանակ, իսկ ռուսական լրատվամիջոցներում, հաշվի առնելով մինչ հրաժարականը հնչող կարծիքները, առկա է լուրջ մտավախություն, որ սա կարող է նշանակել Հայաստանի՝ Ռուսաստանի ազդեցության գոտուց դուրս բերում: