Որտե՞ղ է Նիկոլ Փաշինյանը. օտարերկրյա լրագրողի հարցը Դավիթ Հարությունյանին
Նիկոլ Փաշինյանը պահման վայրը գաղտնիք չէ, բայց ես կոնկրետ այս պահին չգիտեմ, թե որտեղ է նա պահվում: Այս մասին ասուլիսում հայտարարեց ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը՝ պատասխանելով օտարերկրյա լրագրողի հարցին, թե որտե՞ղ է Նիկոլ Փաշինյանն ու ինչու է նրա գտնվելու վայրը գաղտնիք պահվում.
«Իրականացվում են որոշակի քննչական գործողություններ: Նա պահվում է ձերբակալված անձանց համար նախատեսված վայրում: Այս պահին չգիտեմ, կարելի է հարցն ուղղել դատախազության»,- նշեց նա:
Օտարերկրյա լրագրողը հետաքրքրվեց նաև Սերժ Սարգսյանի մարտի 1-ի մասով արված հայտարարությանը և նշեց՝ դա ուժ կիրառելո՞ւ ակնարկ էր: Դավիթ Հարությունյանը նշեց, որ այն հետագայում աղավաղված է ներկայացվել ու մեկնաբանվել և խոսքը վերաբերում է քաղած դասերին.
«Խոսքը վերաբերում էր, որ իշխանությունը՝ մենք ևս քաղել ենք մեր դասերը 2008 թվականի մարտի 1-ի դժբախտությունից և հենց դա է մեզ ստիպում որոնել ուղիներ այս հարցի քաղաքական խաղաղ հանգուցալուծման: Խոսքը դրան էր վերաբերում և դա որևէ կերպ չի կարելի մեկնաբանել որպես ուժ գործադրելու ակնարկ»,- ընդգծեց Հարությունյանը:
Հիշեցնենք, երեկվանից անհայտ է պահվում, թե որտեղ է Նիկոլ Փաշինյանը: Ավելի վաղ նրա Facebook-յան էջում հայտնվեց գրառում այն մասին, թե Փաշինյանը Սևանի ոստիկանության բաժանմունքում է, բայց ավելի ուշ պաշտպանը այն հերքեց: