ՀՀ-ում իրավիճակից օգտվել փորձողներին հակազդելու ենք ողջ գործիքակազմով. ԱԱԾ-ի զգուշացումը
Հայաստանում այս օրերին ստեղծված իրավիճակից օգտվելու ակնկալիքներ ունեցող և հակաօրինական նպատակներ հետապնդող անձանց ու նրանց աջակիցների նկատմամբ ԱԱԾ-ն կիրառելու է օրենքով իրեն վերապահված հակազդման միջոցների ողջ գործիքակազմը։
Այս մասին է ասվում ծառայության տարածած մամուլի հաղորդագությունում։
ԱԱԾ գնահատականով, երկրում «անհանդուրժողականության և սահմանադրական կարգի հիմունքների դեմ ուղղված ոտնձգությունների ակտիվացման պայմաններում տարբեր անձանց և խմբավորումների կողմից շարունակվում է ՀՀ ազգային անվտանգությանը սպառնացող նոր հանցագործությունների ծրագրմանն ուղղված կազմակերպչական գործունեությունը»։
Հիշյալ անձինք և նրանց աջակիցները գտնվում են ՀՀ ԱԱԾ տեսադաշտում, նշվում է հաղորդագրությունում։
Ապրիլի 21-ին կառույցը հայտարարել էր, որ «Սասնա ծռերի» հետ կապված անձինք ահաբեկչություն են պատրաստել, 6 ձերբակալված կա:
Ապրիլի 22-ի առավոտյան Սերժ Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի միջև կարճատև զրույց է կայացել։ Փաշինյանն ասել է, որ պատրաստ է քննարկել միայն Սարգսյանի հրաժարականի ու անցնցում հեռանալու պայմանները, վարչապետը դա շանտաժ է որակել ու ասել, որ Փաշինյանը Մարտի 1-ից դասեր չի քաղել։ Ի պատասխան Փաշինյանն ասել է, երկրում վիճակն այնպիսին չէ, ինչպես 15 օր առաջ, հայտարարել, որ իշխանությունը ժողովրդինն է։ «Ժողովրդի անունից 7-8 տոկոս հավաքած խմբակցությունը չի կարող խոսել, եթե չեք ուզում կատարել պետության օրինական պահանջը՝ ցտեսություն», - պատասխանել է Սարգսյանը և հեռացել։
Դրան հաջողած երթի ընթացքում Փաշինյանը, Սասուն Միքայելյանն ու Արայիկ Հարությունյանը բերման են ենթարկվել։