24.11.2024
Ամենօրյա գործողությունները պետք է շարունակվեն. Փաշինյան
prev Նախորդ նորություն

Հանդիպումն ավարտվեց. Սերժ Սարգսյանը չի հեռանում, Նիկոլ Փաշինյանը կշարունակի պայքարը

Ուրախ եմ, որ արձագանքեցիք երկխոսելու իմ բազմաթիվ հորդորներին, թեև լավ չեմ պատկերացնում, թե ինչպես պետք է բանակցենք տասնյակ լրագրողների ներկայությամբ: Այս մասին Մարիոթ հյուրանոցում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման մեկնարկին հայտարարեց ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը:

Ի պատասխան դրա Փաշինյանն ասաց, որ որպեսզի չլինի թյուրըմբռնում, ապա ինքը կկրկնի` իրենց քննարկման միակ թեման Սարգսյանի հեռացումն է և իշխանության անցնցում հեռացումը: Բայց Սերժ Սարգսյանը նրան ընդհատեց.

«Դրանք բանակցություն չի, դա երկխոսություն չի, դա ուլտիմատում է, շանտաժ պետությանն ու օրինական իշխանություններին: Դուք չեք գիտակցում դրա պատասխանատվությունը, դասեր չեք քաղել մարտի մեկից: Եթե պետք է այդ տոնով ինձ հետ խոսեք, ապա ինձ մնում է ձեզ մեկ անգամ ևս խորհուրդ տալ, որպեսզի գաք օրինական դաշտ և ընդհանրապես տրամաբանական գործողությունների սահման: Հակառակ պարագայում ամբողջ պատասխանատվությունը ձեզ վրա է. ընտրեք»,- հայտարարեց Սերժ Սարգսյանը:

Երբ Փաշինյանը հակադարձեց, որ բազմահազար քաղաքացիներ են դուրս եկել, Սերժ Սարգսյանն ասաց, որ ժողովրդի անունից 7-8 տոկոս ձայն տարած խմբակցությունը իրավունք չունի խոսելու և նշեց, որ այլևս ցանկություն չունի շարունակելու խոսակցությունը.

«Եթե դուք պետության օրինական պահանջը չեք ընդունում` ցտեսություն»,- ասաց Սարգսյանը, իսկ դիմելով լրագրողներին էլ ասաց. «հետևություն արեք»:

Փաշինյանը հավելեց, որ սա ևս մեկ ապացույց էր, որ պարոն Սարգսյանը լավ չի տիրապետում հանրապետությունում ստեղծված իրավիճակին: