Մարտի 1-ը չի կարող կրկնվել. Նիկոլ Փաշինյան
Մարտի 1-ը չի կարող կրկնվել, որովհետև հենց մարտի 1-ի հիշատակումը վկայում է, որ Սերժ Սարգսյանը չի տիրապետում իրավիճակին և չի հասկանում, թե ինչ է կատարվում հանրապետությունում: Այս մասին ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի հետ տապալված բանակցություններից հետո հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
«Ես շատ հստակ ձևակերպել եմ, թե ինչի համար եմ այսօր գալիս Մարիոթ հյուրանոց, դա ասել եմ ուղիղ եթերով ու Արմեն Սարգսյանին: Ես ճշտել եմ, թե արդյոք մենք իրար ճիշտ ենք հասկանում և երեկոյան ինձ ասացին, որ Սարգսյանը պատրաստ է հանդիպել: Ես ասում եմ, որ Սերժ Սարգսյանը ադեկվատ չի, նա գտնվում է անհավասարակշիռ, հիստերիկ վիճակում»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա:
Նա կոչ արեց քաաղաքացիներին շարունակել զանգվածային պայքարը, այն ավելի հուժկու դարձնել և հրավիրեց քաղաքացիներին այսօր երեկոյան ժամը 19.00-ին Հանրապետության հրապարակ հերթական հանրահավաքի:
«Ես կոչ եմ անում քաղաքացիներին զանգվածային անհնազանդության գործողությունների և չտրվել սադրանքների: Ժողովուրդը հաղթելու է և այդ հաղթանակը լինելու է պատմական»,- շեշտեց նա:
Այս պահին Նիկոլ Փաշինյանը բազմահազարանոց երթը առաջնորդում է դեպի Էրեբունի վարչական շրջան: