Շնորհավորանքները հետ վերցրեք՝ Սերժ Սարգսյանը հրաժարվել է իրեն հատկացվող առանձնատնից
Վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարվել է իրեն սեփականության իրավունքով հատկացվող կառավարական առանձնատնից: Այս մասին քիչ առաջ Կառավարության շենքի դիմաց հայտարարեց «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
Նա նշեց, որ Սերժ Սարգսյանն այս մասին հայտարարել է կառավարության այսօրվա նիստում՝ առաջին նիստում, որը վարում է այդ պաշտոնում:
Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ հաղթանակ կլինի այն, որ Հայաստանում հաջողի թավշյա հեղափոխությունը:
Հիշեցնենք, մարտի 29-ին կառավարության նիստում որոշում կայացվեց բնակարան նվիրել Սերժ Սարգսյանին: Նախագծի որոշման մեջ մասնավորապես գրված է` Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի ենթակայության «Կոնդի առանձնատների տնտեսություն» պետական ոչ առևտրային կազմակերպության հաշվեկշռում ամրացված՝ 6-րդ մասնաշենքի մեջ մտնող շենքը և շինությունները՝ սպասարկման տարածքով՝ (1.5365 հա) հետ վերցնել և սեփականության իրավունքով անհատույց տրամադրել Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանին՝ որպես բնակարան:
Ազգային ժողովում իր ելույթի ժամանակ Սերժ Սարգսյանը, պատասխանելով այդ առանձնատան մասին հարցին հիշեցրել էր, որ օրենքով բոլոր պաշտոնաթող նախագահներին պետությունը բնակարաններ է հատկացնում, ինքն էլ օգտվել է իր այդ իրավունքից։ Բայց, ասել էր նա, «եթե ինձ առանձնատուն չի հասնում, կարող եմ վերադարձնել».
«Եթե հասնում է, դուք պիտի ինձ շնորհավորեք, որովհետև վերջապես ես էլ Երևանում սեփականություն ունեցա»,-ասել էր նա։