Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ն կոչով դիմել է ժողովրդին՝ հորդորելով պահպանել զգաստությունն ու ողջախոհությունը, հայրենասիրության մեջ օրինահարգությունը և խաղաղության նախանձախնդրությունը:
Վեհափառի կոչն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև:
«Սիրելի՛ բարեպաշտ ժողովուրդ,
Մեր երկրի ու ժողովրդի ներքին կյանքը վերջին օրերին ուղեկցվում է բուռն ու լարված իրադարձություններով՝ կապված Հայաստանի Հանրապետության վարչապետի ընտրության հետ:
Ղրղզստանի նախագահը պաշտոնաթող է արել կառավարությանը
Մեր մտահոգությունն ենք հայտնում ստեղծված իրավիճակի առնչությամբ, որ խաթարում է հանրային բնականոն կյանքի ընթացքը։ Յուրաքանչյուր հայորդի հայրենիքի հանդեպ սիրուց մղված ունի իր տեսլականը, որի վերաբերյալ իր մոտեցումներն ու ընկալումները կարող է արտահայտել օրինական միջոցներով՝ ազատորեն իրացնելով իր քաղաքացիական իրավունքները:
Սակայն դա երբեք չի ենթադրում սիրո և ողջամտության նահանջ, այլոց իրավունքների ոտնահարում, առավել ևս՝ մարդկանց կյանքի վտանգում: Մեր ժողովրդի և մեր Սուրբ Եկեղեցու զավակներն են և՛ ցուցարարների, և՛ իրավապահների շարքերում: Անընդունելի և անթույլատրելի են ատելության և թշնամանքի հրահրումը և որևէ տեսակի ընդհարում ու բռնության գործադրում:
Հորդոր ենք ուղղում Մեր ժողովրդի զավակներին` կոչ անելով պահպանելու զգաստությունն ու ողջախոհությունը, հայրենասիրության մեջ օրինահարգությունը և խաղաղության նախանձախնդրությունը՝ ցուցաբերելով միմյանց հանդեպ հարգանք և ներողամտություն:
Հայրենիքի առջև ծառացած մարտահրավերները հաղթահարելի են սոսկ, երբ առկա է համերաշխություն, փոխհասկացողություն, համընդհանուր պատասխանատվություն և միասնություն: Մեր երկիրն այսօր պահանջն ունի այս ոգու դրսևորման:
Աղոթք ենք բարձրացնում առ Աստված`հայցելով Տիրոջ իմաստությունը և Սուրբ Հոգու առաջնորդությունը մեզ ամենքիս:
«Միաբա՛ն եղեք, խաղաղությո՛ւն արեք. և խաղաղության ու սիրո Աստվածը թող լինի ձեզ հետ» (Բ Կորնթ. 13.11)»: