27.11.2024
Չտրվել Շմայսի բրիգադների սադրանքներին. Նիկոլ Փաշինյանը հորդորեց շարունակել պայքարը
prev Նախորդ նորություն

Իրավիճակը լարված է. ոստիկանները պատ են կազմել և շրջափակել Ֆրանսիայի հրապարակը ԹԱՐՄԱՑՎՈՂ

Իրավիճակն այս պահին լարված է, ոստիկանները պատ են կազմել և շրջափակել Ֆրանսիայի հրապարակաը:


Նրանք շարժվում են ցուցարարներին ընդառաջ, որոնք այս պահին Նիկոլ Փաշինյանի առաջնորդությամբ իջնում են Բաղրամյան պողոտայով:


Այստեղ են կենտրոնացած նաև ոստիկանական ավտոբուսներ, բերման են ենթարկվում երիտասարդներ:


13.17


Ոստիկանությունը հրապարակել է բերման ենթարկված քաղաքացիների թիվը՝ նրանք 66-ն են: Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ աշխատակազմի արագ արձագանքման խմբերն այս պահին այցելել են Ոստիկանության Նոր Նորքի, Էրեբունու, Կենտրոնականի, Մաշտոցի և Շենգավիթի բաժիններ։ Հատուկ ուշադրություն է դարձվում բերման ենթարկելու հիմքերին։ 


12.34


Ցույցեր են նաև Հայաստանի տարբեր քաղաքներում: Այս պահին ցույց է նաև Արմավիր քաղաքի դպրոցներից մեկի մոտ, որի դարպասները փակ են և դպրոցի տնօրինությունը թույլ չի տալիս աշակերտներին դուրս գալ և միանալ ցուցարարներին: Ավելի վաղ ԿԳՆ-ն հանդես էր եկել հայտարարությամբ՝ կոչ անելով ծնողներին զերծ պահել երեխաներին ցույցերին մասնակցությունից:


12.16


Քիչ առաջ «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը, որն այս օրերին մշտապես Նիկոլ Փաշինյանի կողքին է գտնվում, Facebook-յան իր էջում գրառում է կատարել այն մասին, որ երեկ կեսգիշերին բախումներից հետո ձերբակալվածներ չկան.


«Նոր ոստիկանությունից տեղեկացա, որ երեկվա Մաշտոց-Թումանյան խաչմերուկում հանրային գույքը ջարդող սադրիչներից ոչ մեկը ձերբակալված չեն, թեև բոլորին կարելի էր հենց տեղում բերման ենթարկել կամ արագ գտնել տեսանյութի, փողոցային կամերաների նկարածի միջոցով: 3 ժամը մեկ զանգելու եմ, որ ասեն ձերբակալել են, թե չէ: Ստահոդ ոստիկանություն»,- գրառել է նա:


12.07


Ոստիկաններին հաջողվեց բացել Ֆրանսիայի հրապարկը, երթևեկությունը Մաշտոց պողոտայով վերականգնված է: Այս պահին ցուցարարները երթով շարժվում են Աբովյան փողոցով դեպի ներքև: Բերման ենթարկվածների թվի մասին հստակ տեղեկատվություն դեռ չկա:


11.42


Երթը շարունակվում է Մաշտոց-Կորյուն փողոցներով դեպի Շրջանային: Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Ֆրանսիայի հրապարակից բոլոր բերման ենթարկվածները կազատվեն:


11.39


«Սա խաղաղ քաղաքացիական երթ է, մենք ոչ մի գույք չենք վնասում, ոչ մեկին թթու խոսք չենք ասում»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ դիմելով ոստիկանին: Այս պահին ոստիկանությունը որոշում է կայացրել բացել ճանապարհը դեպի Կորյուն, որպեսզի երթը շարունակվի:


11.36


Այս պահին ցուցարարները հասել են Ֆրանսիայի հրապարակ, Նիկոլ Փաշինյանը զրուցում է ոստիկանի հետ, թե ինչու են խոչընդոտում իրենց տեղաշարժը: Նա հղում արեց «Հավաքների մասին» օրենքին և հայտարարեց, որ խաղաղ երթ են իրականացնում: Ոստիկանի հակադարձմանը, թե նույն օրենքով պետք է իրազեկեին, թե ո՞ր ուղղությամբ են շարժվում, Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ նախապես հայտարարել են, բայց այսուհետ ևս կտեղեկացնեն: Բանակցությունները կարծես ավարտվեցին՝ ոստիկանին ասվեց հետագա երթուղին: