26.11.2024
Արմեն Սարգսյանի հրամանագրով Սերժ Սարգսյանը նշանակվել է ՀՀ վարչապետ
prev Նախորդ նորություն

Նախ` երթ, հետո տուն քնելու, իսկ առավոտյան թավշյա հեղափոխությունը կշարունակվի. Փաշինյան

Քիչ առաջ Հանրապետության հրապարակում ավարտվեց «Քայլ արա» նախաձեռնության հանրահավաքը: Հանրահավաքը բազմահազար էր, հրապարակը լեփ-լեցուն էր և ինչպես նախապես հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը` այն աննախադեպ էր իր մասշտաբներով:

Փաշինյանը հրապարակեց հետագա անելիքները` շարունակել վաղը շրջափակել պետական գերատեսչությունները, նախարարությունները, այդպիսով կաթվածահար անելով կառավարումը: Իսկ այսօր նա բոլորին ուղարկեց տուն քնելու, քանի որ «իրենք հաղթել են». «Մենք գիշերները չենք մնում հրապարակում, որովհետև ցանկացած հրապարակ կարող ենք առավոտյան վերնցել», - շեշտեց նա:

Սակայն մինչ տուն գնալը և թարմ ուժերով վաղը առավոտյան ժամը 10.00-ից պայքարը շարունակելը Փաշինյանի հայտարարեց երթի մեկնարկի մասին, որը կգրավի Երևանի փողոցները: Ավելին` այն նպատակ ունի նաև հարամելու Հանրապետական կուսակցության և նրանց կոալիցիոն գործընկեր ՀՅԴ-ի քեֆը` Սերժ Սարգսյանի վարչապետ ընտրվելու կապակցությամբ.

«Մեր այսօրվա երթից քյաբաբը պիտի սառի նրանց սեղանների վրա»,- հայտարարեց նա` բացատրելով, որ հենց այդ նպատակով էլ ձգձգեց երեկոյան հանրահավաքի մեկնարկը, որպեսզի ժամը 21.00-ից երթը մեկնարկի:

«Վաղը մեր գործողությունները պիտի շարունակվեն նույն տրամաբանությամբ, պետք է շրջափակենք գերատեսչական շենքերը, ճանապարհները, մայրուղիները: Կսկսենք առավոտյան ժամը 10:00-ից, ես ձեզ սպասելու եմ Ֆրանսիայի հրապարակում, մեր վաղվա գործողությունները ևս կեզրափակվեն Հանրապետության հրապարակում», - ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նա ազդարարեց, որ վաղվանից Երևանում և մարզերում կձևավորվեն թավշյա հեղափոխության կոմիտեներ: