Արմեն Սարգսյանի հրամանագրով Սերժ Սարգսյանը նշանակվել է ՀՀ վարչապետ
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Սերժ Սարգսյանը նշանակվել է ՀՀ վարչապետ։ Այս մասին տեղեկացնում է gov.am կայքը։
«Հիմք ընդունելով Ազգային ժողովի 2018 թվականի ապրիլի 17-ի՝ Սերժ Սարգսյանին վարչապետ ընտրելու վերաբերյալ ԱԺՈ-10-Ա որոշումը՝ Սահմանադրության 149-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն Սերժ Սարգսյանին նշանակել վարչապետ»,-ասվում է նախագահի հրամանագրում։
Հիշեցնենք, որ ԱԺ հատուկ նիստի ընթացքում ձայների 77 կողմ, 17 դեմ ձայների համամասնությամբ ՀՀ վարչապետ ընտրվեց Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։
Ազգային ժողովի պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն ու կողմնակիցները ապրիլի 13-ից փակել են Երևանի Ֆրանսիայի հրապարակը: Նրանք ապրիլի 16-ի առավոտից կաթվածահար էին արել մայրաքաղաքի կենտրոնի երթևեկությունը, փակել բանուկ փողոցները:
Դրանք երեկոյան արդեն բացվել էին, սակայն ապրիլի 17-ի առավոտյան կրկին փակվել են հավաքի կազմակերպիչների և մասնակիցների կողմից: Ապրիլի 16-ին Բաղրամյան պողոտայում ոստիկանների և հավաքի մասնակիցների միջև միջադեպ գրանցվեց: Վեց ոստիկան, Նիկոլ Փաշինյանն ու հավաքի մոտ չորս տասնյակ մասնակիցներ տարվել էին հիվանդանոցներ:
Ապրիլի 17-ի կեսօրից Փաշինյանը կոչ արեց կաթվածահար անել պետական կառույցների աշխատանքը՝ շրջափակելով շենքերը և արգելելով ելումուտը: Նրա կողմնակիցներն անգամ վնասել են պետական կառույցների մոտ կայանած մեքենաները՝ իջեցնելով անվադողերը: