26.11.2024
Ծառուկյանը բացակա, Հովիկ Աբրահամյանի որդին` կողմ. ովքե՞ր են Սարգսյանին կողմ քվեարկել
prev Նախորդ նորություն

Նա խախտեց լռությունը` Սարգսյանից հետո. ի՞նչ է մտածում նախագահը թավշյա հեղափոխության մասին

Մի քանի օր է Հայաստանում շարունակվում են ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետության բողոքի ակցիաներ: Իսկ այսօր «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարեց Հայաստանում ժողովրդական թավշյա հեղափոխության մասին:

Այս օրերին բոլորը հարց էին հնչեցնում, թե ո՞ւր է ՀՀ նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանը, ինչու նա որևէ կերպ չի արձագանքում այն լարված իրավիճակին, որ ստեղծվել է այն երկրում, որի նախագահն է նա դարձել: Եվ ահա Արմեն Սարգսյանը որոշեց խախտել լռությունը, զուգահեռաբար այն բանից հետո միայն, ինչ Ազգային Ժողովը Սերժ Սարգսյանին ընտրեց վարչապետ և Սերժ Սարգսյանը որոշակիորեն անդրադարձավ Փաշինյանի գլխավորած պայքարին: 


Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու կարծիքը կարեւոր է երկրի համար, սակայն ազատ կամարտահայտության ընթացքում պետք է բացառվի բռնությունը, անօրինական գործողությունները եւ այլոց իրավունքների սահմանափակումը: Այս մասին «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան տրված բացառիկ մեկնաբանության մեջ ասել է Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը:


«Ըստ Սահմանադրության, Հայաստանի Հանրապետության վարչապետի թեկնածության առաջադրումը խորհրդարանական ուժերի իրավունքն է: Ազգային ժողովի մեծամասնության ներկայացրած թեկնածուին ընդդիմությունը կարող է հակադրվել՝ իր քվեի միջոցով:


Ցանկացած քաղաքական ուժի կամ քաղաքացու իրավունքն է նաեւ Սահմանադրությամբ իրենց վերապահված իրավունքների շրջանակում՝ լինի դա հավաքի, ցույցի եւ այլ խաղաղ միջոցներով, ազատորեն արտահայտելու իրենց կարծիքը, համաձայնությունը կամ անհամաձայնությունը քաղաքական այս կամ այն իրադարձության նկատմամբ:


Ազատ խոսքի եւ կամարտահայտության իրավունքը ժողովրդավարության կարեւորագույն արժեքներից է: Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու կարծիքը կարեւոր է երկրի համար:


Միեւնույն ժամանակ ազատ կամարտահայտության ընթացքում պետք է բացառվի բռնությունը, անօրինական գործողությունները եւ այլոց իրավունքների սահմանափակումը:


Մեր երկրի անվտանգությունը եւ ազգային համերաշխությունը բոլորիս համար պետք է լինեն առաջնային ու անքննելի անհրաժեշտություն:


Եվ, իհարկե, կրկին ուզում եմ ընդգծել, որ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու առողջությունը եւ կյանքը՝ ուսանողից, ցուցարարից մինչեւ ոստիկան, թանկ է բոլորիս համար»: