VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան տպագիր մամուլի տեսությունը, որում ներառված է կարևոր իրադարձությունների մասին ընդգրկուն տեղեկատվություն:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նոր Սահմանադրության նախագիծն ավելի խայտառակ փաստաթուղթ է, քան մինչ օրս բոլորը պատկերացնում էին: Այդ փաստաթղթի հմայքները պարզվեցին երեկ, այն բանից հետո, երբ ՀՀ արդարադատության նախարարության պաշտոնական կայքում հրապարակվեց նոր Սահմանադրության ամբողջական նախագիծը: Ըստ այդմ, պարզվում է, որ ՀՀ իշխանությունները ցանկանում են ներդնել մի համակարգ, որի պայմաններում Սահմանադրության կոնկրետ գլուխներում փոփոխություններ կատարելու համար անհրաժեշտ չի լինի հանրաքվե կազմակերպել: Նաեւ խորհրդարանը հնարավորություն կունենա երկու երրորդով փոփոխություններ կատարել: Մասնավորապես, առանց հանրաքվեի ԱԺ-ի կողմից փոփոխման ենթակա կարող են լինել ԱԺ-ի, նախագահի, Կառավարության, Դատախազության եւ քննչական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, կենտրոնական ընտրական հանձնաժողովի, հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի, վերահսկիչ պալատի եւ կենտրոնական բանկի վերաբերյալ գլուխները: Այսինքն՝ երբ ՀՀ իշխանությունները նոր Սահմանադրությունը ընդունել կտան հանրաքվեի միջոցով, իրավական ուժ կունենա, այդուհետ կարող են իրենց ցանկությամբ փոփոխել Հայաստանի ողջ կառավարման համակարգը: Ասենք՝ կարող են մեկ կամ երկու տարի հետո որոշել, որ Հայաստանը անցնում է կառավարման նախագահական համակարգին, եւ այդ նախագահին էլ նշանակում է հանրապետական կուսակցությունը, իսկ ինչու ոչ: Մի խոսքով, այս համակարգը ներդնելով՝ Հայաստանի ներկա իշխանությունները լիակատար ազատություն կստանան, եւ այլեւս նույնիսկ ձեւական հանրաքվե կազմակերպելու անհրաժեշտություն չի լինի»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Հուլիսի 24-ին ԲՀԿ նախկին նախագահ
Գագիկ Ծառուկյանը այցելել էր Բեյրութ եւ, ըստ պաշտոնական տեղեկատվության, հանդիպում ունեցել տեղի հայ համայնքի եւ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս
Արամ Ա-ի հետ: Այդ հանդիպման ժամանակ էլ Ծառուկյանը իր անունը կրող հիմնադրամի անունից 500 հազար դոլար է նվիրել կաթողիկոսությանը, որի մի մասը կօգտագործվի սիրիահայերի կարիքների համար: Կարելի է կարծել, որ նույնիսկ քաղաքականությունից դուրս գալուց հետո Ծառուկյանը չի կարող առանց բարեգործության, որ բարեգործությունը նրա համար կենսակերպ է դարձել, եւ նա անգամ առանց քաղաքական շահախնդրության հարյուր հազարներ է նվիրաբերում Անթիլիասի կաթողիկոսությանը: Բայց Ծառուկյանի բեյրության լուսանկարները, որոնցում նա պատկերված է Լիբանանի ՀՅԴ կառույցի պատասխանատուների ընկերակցությամբ, հուշում են, որ Ծառուկյանը շարունակում է բարեգործությամբ զբաղվել բացառապես քաղաքական ենթատեքստով, եւ եթե նախկինում նա բարեգործություն էր անում հանուն ԲՀԿ-ի, ապա հիմա փոխվել է հասցեատերը, եւ Ծառուկյանի հովանավորյալն այժմ ՀՅԴ-ն է: Նույնիսկ Բեյրութի ոչ դաշնակցական կառույցներն են պնդում, որ Ծառուկյանի կողմից նվիրաբերված գումարից 200 հազարը հատկացվել է անմիջականորեն Բեյրութի ՀՅԴ կառույցին, չնայած մեծ հաշվով՝ Անթիլիասի կաթողիկոսության եւ ՀՅԴ բյուրոյի միջեւ մեծ տարբերություն չկա, եւ դրա ապացույցը դարձյալ Ծառուկյանի բեյրության լուսանկարներն են, որոնցում եթե Ծառուկյանի մի կողմում կանգնած էր Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն, ապա մյուս կողմում՝ ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ
Հրանտ Մարգարյանը եւ ՀՅԴ քաղաքական ու հոգեւոր կառույցների ղեկավարները: Կես միլիոն դոլար տրամադրելով Դաշնակցությանը՝ կարեւոր չէ, թե որ երկրում, արդյոք Ծառուկյանը քաղաքականություն վերադառնալու հա՞յտ է ներկայացնում՝ այդպիսով անտեսելով Սերժ Սարգսյանի՝ քաղաքականությամբ չզբաղվելու արգելքը»:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Վանաձոր քաղաքում հերթական տարածքային գրասենյակը բացելու առթիվ «Ալյանս» կուսակցությունից երեկ տեղեկացրին, որ հենց հանրապետության երրորդ քաղաքից էլ սկսելու են աշնանային հանրահավաքների շարքը եւ լծվելու են ընդդիմադիր ուժերի կոնսոլիդացիոն գործընթացին՝ մեկնարկային հանրահավաքին հրավիրելով բոլոր, ինչպես տարածած հաղորդագրությամբ են շեշտել, «իրական» ընդդիմադիրներին: Մեզ հայտնի դարձավ, որ նորաստեղծ այս կուսակցությունն արդեն գործի է անցել եւ ուշագրավ «պատկերացում» դրսեւորել իրական ընդդիմության մասին. առաջին հրավերն ուղարկված է իրեն ընդդիմություն հռչակած «Օրինաց երկիր» կուսակցությանը»: