24.11.2024
Ձերբակալվել է Սյունիքի մարզպետի որդին
prev Նախորդ նորություն

Քննարկվում է լրացուցիչ ցերեկային չվերթների իրականացման հնարավորությունը

Օգոստոսի 3-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Սերգեյ Ավետիսյանն ընդունել է ՀՀ-ում գործող ավիաընկերությունների ներկայացուցիչներին:

Հանդիպմանը մասնակցել են «Արմենիա Միջազգային Օդանավակայաններ» ՓԲԸ գլխավոր մենեջերի տեղակալ Անդրանիկ Շխյանը, ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության և Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի ներկայացուցիչներ:

Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը հուլիսի կեսերին կառավարության նիստում առաջարկեց քննարկել գիշերային ավիաչվերթների տեղափոխման հնարավորությունները առավոտյան ժամերի։

«Ես առաջարկում եմ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին, էկոնոմիկայի նախարարությանը և քաղավիացիայի գլխավոր վարչությանը մանրակրկիտ ուսումնասիրել Հայաստանի ավիափոխադրումների շուկան, բանակցություններ վարել այն կազմակերպությունների հետ, որոնք կազմակերպում են գիշերային թռիչքներ։ Ցանկալի է դրանք տեղափոխել առավոտյան ժամերի», – ասել է Աբրահամյանը։

Նրա խոսքերով` գիշերային թռիչքները անհարմարություններ են ստեղծում զբոսաշրջիկների համար` կապված հյուրանոցներում հանգրվանելու հետ։ Աբրահամյանը հանձնարարել է կատարել առաջադրանքը երկու շաբաթվա ընթացքում։

Նախարարությունում հանդիպման ընթացքում քննարկվել է ավիաընկերությունների կողմից իրականացվող գիշերային չվերթների տեղափոխման հնարավորությունը` կարևորելով Հայաստան ժամանող զբոսաշրջիկների համար նպաստավոր պայմանների ապահովման հարցը:

Ավիաընկերությունների ներկայացուցիչները գիշերային չվերթների իրականացումը հիմնավորել են տարանցիկ երթևեկության համար հարմարավետ միակցումներով` պնդելով, որ ժամերի տեղափոխման դեպքում տարանցիկ ուղևորները ստիպված կլինեն օդանավակայաններում երկար սպասել մյուս չվերթներին` ճամփորդությունը շարունակելու համար:

Արդյունքում, որպես հնարավոր լուծում, ուղևորների հարմարավետ ճափորդության ապահովման նպատակով քննարկվել է լրացուցիչ հաճախականությամբ ցերեկային չվերթների իրականացման հնարավորությունը, ինչն ավիաընկերությունների ներկայացուցիչները կքննարկեն գլխամասային գրասենյակների հետ: