Լինել անաչառ, առաջնորդվել միայն համապետական ու համազգային շահերով. Արմեն Սարգսյանը երդվեց
Քիչ առաջ Կարեն Դեմիրճյանի անվան մարզա-համերգային համալիրում Արմեն Սարգսյանը պաշտոնապես ստանձնեց ՀՀ նախագահի պաշտոնը:
Արմեն Սարգսյանը երդվեց.
«Ստանձնելով հանրապետության նախագահի պաշտոնը երդվում եմ. հավատարիմ լինել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը և իմ լիազորություններն իրականացնելիս լինել անաչառ , առաջնորդվել միայն համապետական ու համազգային շահերով: Եվ իմ ողջ ուժը ներդնել ազգային միասնության ամրապնդման գործում»,- ձեռքը Սահմանադրության ու Կտակարանի վրա հայտարարեց նա:
Այնուհետ իր ելույթում նա նշեց, որ իրեն ուժ է տալիս հավատը: Արմեն Սարգսյանը անդրադարձավ Հայաստանի օրակարգին՝ շեշտելով, որ Հայաստանը կանգնած է Արցախի թիկունքին և պայքարելու է նրա համար. պայքարել է երեկ, պայքարելու է այսօր և վաղը:
«Առանցքային է ԼՂ խաղաղ և բանակցային կարգավորումը, որի առաջին երաշխիքը հզոր Հայաստանն է: Արցախի ժողովրդի իրավունքները լավագույնս պաշտպանելու համար մենք պետք է կերտենք տնտեսապես ամուր և զարգացած Հայաստան և պետք է պայքարենք բոլոր արատավոր երևույթների դեմ՝ կոռուպցիայից մինչև սոցիալական անարդարություն: Պետք է համախմբվենք և աշխատենք միասին, այդ դեպքում մենք կհաջողենք»,- շեշտեց ՀՀ նախագահը:
Արմեն Սարգսյանը նշեց անդրադարձավ նաև ՀՀ նախորդ երեք նախագահներին՝ նշելով, որ ժամանակը գնահատական կտա նրանց գործունեությանը: Բայց այսօր ակնհայտ է, որ ԽՍՀՄ փլուզումից հետո, Արցախյան ազատամարտի և շրջափակման ֆոնին նրանց հաջողվեց ստեղծել պետական կուռ համակարգով երկիր: Եվ առանձնահատուկ շնորհակալություն հայտնեց ՀՀ արդեն նախկին նախագահ Սերժ Սարգսյանին:
Նշենք, որ այսօր ուժի մեջ է մտնում Սահմանադրության համապատասխան դրույթը (հոդված 212), որը սահմանում է, որ նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնը ստանձնելու օրը Կառավարությունը ներկայացնում է իր հրաժարականը, որը Հանրապետության նախագահն անհապաղ ընդունում է։ Կառավարության հրաժարականն ընդունվելուց հետո` յոթնօրյա ժամկետում՝ապրիլի 9-16-ը ԱԺ խմբակցություններն իրավունք ունեն առաջադրելու վարչապետի թեկնածուներ: