24.11.2024
Հայաստանը հենց այնպես չի զարգացնում կապերը Արեւմուտքի ու Ռուսաստանի հետ․ Լավրով
prev Նախորդ նորություն

Մինչ պաշտոնը ստանձնելը Արմեն Սարգսյանը հյուրընկալվել է հանրապետության նախագահի նստավայրում

Նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանը Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնն ստանձնելու հանդիսավոր արարողությունից առաջ տիկնոջ հետ այսօր առավոտյան հյուրընկալվել է հանրապետության նախագահի նստավայրում: Արմեն Սարգսյանին և տիկին Նունե Սարգսյանին դիմավորել են նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանը: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։


Նախագահական նստավայրի ոսկեզօծ դահլիճում հյուրընկալության ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանը, նշելով, որ րոպեներ անց տեղի կունենա նորընտիր նախագահի պաշտոնի ստանձնման արարողությունը, ևս մեկ անգամ Արմեն Սարգսյանին մաղթել է հաջողություններ:


«Պարո՛ն Սարգսյան, Ձեզ հետ առիթներ ունեցել ենք խոսելու մեր երկրի զարգացման հրամայականների մասին: Վստահ եմ, որ մենք որոշ ժամանակ հետո կարողանալու ենք արձանագրել հաջողություններ. ուղղակի դատապարտված ենք հաջողություն ունենալու:


Իհարկե, վստահ եմ, որ տիկին Նունեն կօգնի Ձեզ, որովհետև դա պարզապես անհրաժեշտություն է»,-ասել է Սերժ Սարգսյանը:


Նորընտիր նախագահը շնորհակալություն է հայտնել Սերժ Սարգսյանին և տիկին Ռիտա Սարգսյանին հյուրընկալության համար:


«Պարո՛ն Նախագահ, ես նույնպես համաձայն եմ, որ ուրիշ ճանապարհ չունենք հաջողությունից բացի: Եվ կարծում եմ այդ հաջողությունների գրավականը ոչ միայն նախորդ շուրջ 30 տարիներն են, այլ հատկապես վերջին տասը տարին: Իհարկե, ակնկալում եմ Ձեզ հետ միասին շատ սերտ աշխատել երկար տարիներ: Վստահ եմ, որ Նունեն ինձ կօգնի՝ ոչ միայն, որ իմ 50 տարվա ընկերն է, 40 տարվա կինս, այլ նաև ունի փայլուն օրինակ՝ տիկին Ռիտայի օրինակը, թե ինչպես պետք է Նախագահին աջակից լինել, օգնել և ոչ միայն աջակցել, նաև լինել ինչ-որ տեղ առաջնորդ որոշակի ուղղության մեջ: Այնպես որ, կարծում եմ անելիք շատ կա: Ես պատրաստ եմ աշխատելու»,-ասել է նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանը: