Արցախի Մարտունին եւ Ֆրանսիայի Բուր-դե-Պեաժը ստորագրել են բարեկամության հռչակագիր
Ապրիլի 3-ին Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի գլխավորած պատվիրակության՝ Ֆրանսիա կատարած այցի շրջանակներում բարեկամության հռչակագիր է ստորագրվել Արցախի Հանրապետության Մարտունի և Ֆրանսիայի Դրոմ նահանգի Բուր-դե-Պեաժ քաղաքների միջև։
Ինչպես հայտնում են Արցախի ԱԺ-ի մամուլի ծառայութունից, Մարտունի քաղաքի անունից հռչակագիրը ստորագրել է Մարտունու քաղաքապետ Մհեր Խաչատրյանը, իսկ Բուր-դե-Պեաժի անունից՝ քաղաքապետ Նատալի Նիեզոնը։ Ստորագրման պաշտոնական արարողությանը ներկա էր նաև Ֆրանսիայում ԱՀ մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը։
Հռչակագրի նպատակն է երկու քաղաքների միջև վստահության և փոխադարձ հարգանքի վրա հիմնված բարեկամական կապերի հաստատումը։ Հռչակագրում, մասնավորապես, նշվում է, որ Մարտունի Բուր-դե-Պեաժ քաղաքները պարտավորվում են փոխգործակցություն ծավալել մշակույթի, կրթության, արվեստի բնագավառներում՝ հիմնված համերաշխության, արժանապատվության և մարդու նկատմամբ հարգանքի վրա։
Այսպիսով, Բուր-դե-Պեաժը դարձավ Արցախի Հանրապետության քաղաքների հետ բարեկամական հարաբերություններ հաստատած ֆրանսիական 10-րդ քաղաքը։