Վիգեն Սարգսյանը մեկնաբանել է ՌԴ-ից «Իսկանդերների» նոր խմբաքանակի ձեռքբերման հարցը
Երեւանը շարունակում է աշխատել ռուսաստանյան գործընկերների հետ «Իսկանդեր» համալիրների ձեռքբերման ուղղությամբ: Այս մասին Interfax-ի հետ զրույցում հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը։
«Մենք անընդհատ աշխատում ենք մեր գործընկերների հետ՝ զենքի առաքումների հնարավորության, այդ թվում՝ ֆինանսական գործիքակազմի շրջանակում»,- մասնավորապես նախարար Սարգսյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Հայաստանը երրորդ վարկն է ակնկալում Ռուսաստանից «Իսկանդեր» համակարգերի ձեռքբերման համար, որոնք պետք է տեղակայվեն Ադրբեջանի հետ սահմանին։
Նշենք, որ պաշտպանության նախարարը գտնվում է Մոսկվայում:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ համաձայն մամուլի՝ Ռուսաստանը պատրաստվում է երրորդ վարկը տրամադրել Հայաստանին, որով Հայաստանը զենքի հերթական խմբաքանակն է գնելու Ռուսաստանից: Ըստ աղբյուրի՝ սա լինելու է Ռուսաստանի պատասխանը Ադրբեջանին, որը ոչ միայն հրաժարվում է Ռուսաստանից զենք գնել, այլեւ նախապատվությունը տալով թուրքական, պակիստանյան, իսրայելական եւ վերջերս էլ բելառուսական զենքի մատակարարներին, որ ավելի վատ է՝ հակաքարոզչական արշավ է սկել ռուսական զինտեխնիկայի դեմ, հայտարարելով, որ այն անորակ է ու ոչ արդյունավետ:
Ռուսական այս վարկը, ի տարբերություն նախորդների, լինելու է անտոկոս եւ դրանով ձեռք բերված «Իսկանդեր» տակտիկական հրթիռային համալիրների ավելի մեծ խմբաքանակը տեղաբաշխվելու է Ադրբեջանին սահմանամերձ տարածքներում՝ նշանառության տակ վերցնելով ռազմավարական նշանակության ենթակառուցվածքները: Ռուսներն ուզում են դրանով հասկացնել, որ եթե Ադրբեջանը իսկապես ուզում է ստուգել ռուսական զենքի որակն ու արդյունավետությունը, ապա Հայաստանը կարող է դա ցույց տալ»: