Վարչապետ. Ներդրողները վստահում են մեր էներգետիկ համակարգին և ներդրումային քաղաքականությանը
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը անդրադարձել է Մասրիկ-1 ծրագրի ներդրողների մրցույթին, որն ավարտվել է։ Facebook-յան իր էջում նա տեղեկացնում է, որ ըստ մրցույթի կանոնների՝ այն ընկերությունը կամ կոնսորցիումը, ով կառաջարկեր ամենացածր սակագինը, իրավունք կստանար իրականացնել Մասրիկ-1 55 ՄՎ արևային կայանի կառուցման ծրագիրը:
«Մրցույթի արդյունքներով ամենացածր սակագինը ներկայացրել է նիդեռլանդական Fotowatio Renewable Ventures B.V և իսպանական FSL Solar S.L. ընկերություններից կազմված կոնսորցիումը: Առաջարկված սակագինն է 0.0419 ԱՄՆ դոլար՝ առանց ԱԱՀ-ի (20.11 դրամ): Համեմատության համար, ներկայումս Հայաստանում գործող բնական ջրահոսքերի վրա փոքր հիդրոկայանների համար սակագինը 23.8 դրամ է:
Այս սակագինը աննախադեպ է աշխարհում նման համեմատաբար փոքր հզորության միջազգային մրցույթների համար։ Սա վկայում է ներդրողների մոտ մեր էներգետիկ համակարգի և մեր կողմից վարվող ներդրումային քաղաքականության նկատմամբ բարձր վստահության մասին։ Այս ծրագիրը նաև օրինակելի և նախադեպը չունեցող ծրագիր է՝ պետական֊ մասնավոր համագործակցության համատեքստում։
Կոտրելով բոլոր կարծրատիպերը՝ այս մրցույթը նոր և չափազանց կարևոր հեռանկարային փուլ է բացում դեպի անվտանգ և անկախ էներգետիկ համակարգ»,- գրառել է վարչապետը։